Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/273

Այս էջը հաստատված է

Մամադ—բեկը և մի քանի ուրիշ բեկեր: Ամենքն էլ բանտարկված էին:


Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի—բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհն այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին: Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին…։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը և նա ասեց հետևյալ խոսքերը.

«կարմիր արյունով ցողելով «սև այգին» [1], ես նրան վարդի գույն պիտի տամ… առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի—բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ…»։

Պատանին սարսափած դուրս եկավ շահի սենյակից։

Նրան ծանոթ էր իր թագավորի խստասրտությունը. նա գիտեր, ինչ որ ասեց նա, անպատճառ կկատարե։ Հղացավ մի չար խորհուրդ…

Նույն գիշերը պալատում տեսնվեցավ նա շահի մի այլ սենեկապետի հետ, որ իրան խիստ մտերիմ էր։ Այդ վերջինը կոչվում էր Աբաս—բեկ։ Դեռ առավոտյան լույսը չբացված, երկուսն էլ մտան շահի քնարանը։ Աբաս—բեկը այնքան սրտի արիություն չունենալով, երկյուղից ուշաթափ եղավ և ընկավ քնարանի հատակի վրա։

Շահը խորին քնի մեջ էր. նրա թանկագին մահճի չորս կողմերում, ոսկյա աշտանակների վրա, դեռ վառվում էին ճրագները: Սաֆարալի—բեկը մոտեցավ և խենջարի մի քանի հարվածներով վերջացրեց գործը…

Առավոտյան ամբողջ բերդի մեջ շշուկ տարածվեցավ, թե Աղա—Մամադ-խանը սպանված է։ Բայց ոչ ոք չէր հավատում, մինչև նույն Սաֆարալի—բեկը, թագավորի կտրած գլուխը իր ձեռքին բռնած, դուրս եկավ պալատից, բերեց և ձգեց հրապարակի վրա:

Այդ միջոցին բերդի հայ և թուրք բնակիչները թափվեցան պալատի վրա, սկսեցին կողոպտել շահի գանձերը։

Պարսից զորքերը անմիջապես թողեցին բերդը և փախան դեպի Պարսկաստան։

Սատղ-խան շաղաղին, որը Աղա—Մամադ—խանի նշանավոր զորապետներից էր, հազիվ կարողացավ երկու

  1. Ղարա—բաղ թուրքաց լեզվով նշանակում է սև այգի: