Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/283

Այս էջը հաստատված է

համար առանձին արտոննություներ: Բայց այդ արտոնական կացությունը մի օտար հողի վրա չէր կարող կատարելապես լրացնել այն կորուստը, որ նրանք պիտի կրեին հայրենիքը թողնելով:

1798 թվի հունվար ամսում վախճանվեցավ վրաց Հերեկալ իշխանը, նրան հաջորդեց որդին Գիորգի XII:

Հերակլի մահից հետո իշխանական ընտանիքի թե տղամարդերի և թե կանանց մեջ ծագեցավ անհաշտ կռիվներ և անվերջանալի երկապառակություններ: Ռուսաստանի Հովսեփ արքեպիսկոպոսը, որը վրաց իշխանական գերդաստանի մտերիմ բարեկամներից մեկն էր, շատ աշխատեց միաբանությունը և խաղաղաությունը նրանց մեջ վերականգնելու համար: Բայց նրա բոլոր ջանքերը ցանկացած արդյունքը չունեցած: Արքեպիսկոպոսը այդ երկպառակությունները վնասակար էր համարում Վրաստանի համար:

1797 և 1798 թվականներում, այսինքն՝ սովի և ժանտախտի ամենասաստիկ ժամանակներում, Վրաստանում խմբվեցավ Ղարաբաղի հայերի ահագին բազմություն: Այդ միախմբումը հայերի և վրացիների Հովսեփ արքեպիսկոպոսը ավելի նպաստավոր էր համարում իր նպատակների իրագործմանը: Բայց այդ բոլորն շատ ուշ էր արդեն: Եթե հարգելի արքեպիսկոպոսը իր անչափ եռանդի և հայրենասիրության հետ փոքր-ինչ լուրջ քաղաքագիտություն ունենար, կարելի է այն սխալանքների մեջ չընկներ, որոնց հանդիպեց նա իր ամբողջ քաղաքական գործունեության ասպարեզում, նա սաստիկ շուտ հափշտակվելով և հեշտ խաբվող մարդ էր…

Եկատերինա II վախճանվելուց և Պողոս I կայսրի գահականությունից հետո ռուսաց կառավարության քաղաքական հայացքը Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ բոլորովին փոխվեցավ: Այժմ ոչ ոք չէր մտածում իրագործել Պետրոս մեծի և Եկատերինա II ուեցած նպատակները արևելքի քրիստոնյաների մասին: Այժմ Վրաստանն ուրիշ ոչինչ չուներ, եթե ոչ մի ոչ ռուսական նահանգ:

Այդ էր պատճառը, Երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթականներ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չցանկացան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ:

Վրաստան գաղթաց Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցավ վրացիների կողմից: Սովից