Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների նպատակը վանքապատկան կալվածների վերաբերությամբ այն չէր, որ նա դրանցով ապահովեցներ վանականների և վանքերի գոյությունը, այլ գլխավորապես այն էր, որ նրանք լինեին եկամուտների մրշտական և հաստատուն աղբյուր Ղարաբաղի զանազան տեղերում դպրոցներ հիմնելու համար։

Ինքը, Բաղդասար միտրոպոլիտը, թեև անուս, և որպես ղարաբաղցի, կոշտ֊կոպիտ մարդ էր, բայց, որպես ղարաբաղցի, ուներ և բնական խելք, տոկունություն և հեռատեսություն[1]։ Նա ուսում չուներ, բայց սաստիկ ուսումնասեր էր։ Սկզբում հիմնեց նա Գանձասարի վանքում մի դպրոց և Նուխիի կողմերից հրավիրեց ճարտասան և լավ հայկաբան Հովսեփ վարդապետին[2], որպես վարժապետ և նույն դպրոցի կառավարիչ։

1836 թվին Շուշի բերդում հաստատվեցավ վիճակային հոգեվոր կառավարության կոնսիստորիա։ Բաղդասար միտրոպոլիտը հրավիրվեցավ էջմիածին, և այնտեղ հավատարմության երդում տալով, կարպեցի Հովհաննես կաթողիկոսից նշանակվեցավ Ղարաբաղի թեմական առաջնորդ (1837)։ Շատ հասկանալի է, որ դրանով Բաղդասարի իրավունքները սահմանափակվեցան։ Մինչև այն օր նա համարվում էր Աղվանից միտրոպոլիտ և ազատ էր իր հոգևոր իշխանության մեջ, բայց կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա բոլորովին ենթարկվեցավ էջմիածնի իրավասությանը, որը ոչ սակավ խոչընդոտներ դրեց միտրոպոլիտի ազատ գործունեությանը…

Կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա հարկադրվեցավ թողնել Գանձասարի վանքը, Աղվանից բազմադարյան կաթողիկոսարանը, և տեղափոխվեցավ Շուշի բերդը։ Այստեղ սպասում էր միտրոպոլիտի գործունեությանը ընդարձակ ասպարեզ, միևնույն, ժամանակ ծանր աշխատանք։

Միտրոպոլիտի առաջին ջանքն եղավ դուրս կորզել Մեհտիխանի Խուրշիտ անունով դստեր և ուրիշ մի քանի թուրք բեկերի:

  1. Բաղդասար միտրոպոլիտի զվարճախոսությունները, նրա կյանքից ստեղծված անեկդոտները, Ղարաբաղի հայ հասարակության մեջ նույն ժողովրդականությունն են ստացեք, որպես Մոլլա-Նասրատտինի առակները
  2. Այդ Հովսեփ վարդապետը, որը բապմաթիվ հասցրած աշակերտներ և մինչև այսօր լավ անուն է թողել Ղարաբաղում, որպես հետո իմացվեցավ, նա իսկապես եպիսկոպոս է եղել, բայց իր բարձր աստիճանը թաքցնելով, պարպվում էր մանկավարժությամբ իբրև մի հասարակ վարդապետ