Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/330

Այս էջը հաստատված է

այդ սխալից աշխատեցին օգուտ քաղել խաները։ Այդ կտեսնենք հետո։

Մեր պատմության նպատակից դուրս է և շատ երկար կլիներ բացատրել, թե այն ժամանակ կալվածական կամ հողատիրական (մուլքադարության) որպիսի օրենքներ կամ սովորություններ էին տիրում Պարսկաստանում ընդհանրապես և Ղարաբաղում, իբրև պարսկական մի գավառ, մասնավորապես։ Բայց այսքանը կասենք, որ Ղարաբաղում, ինչպես ամբողջ Պարսկաստանում, հողը համայնքի (էլլիգի) սեփականություն էր, ոչ այն կարգով, որ համայնքը պարտավոր էր յուրաքանչյուր ընտանիքը կազմող անդամների թվի համեմատ հողը բաժանել գյուղացիների մեջ, այլ յուրաքանչյուր գյուղացի իր ձեռքում գտնված հողի տերն էր. նա իրավունք ուներ վաճառելու, գրավ դնելու կամ իր դրացուց ավելին գնելու։ Իսկ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գյուղ ուներ իր գյուղատերը. այդ գյուղատերը կարող էր լինել մի որևիցե մելիք, խան կամ այս և այն վանքը։ Գյուղատերը վայելում էր այն իրավունքը միայն, որ ստանում էր գյուղացիների վարուցանքի կամ առհասարակ մշակության բերքի մի որոշ մասը (չոփբաշի)։ Բայց նա իրավունք չուներ մեկ գյուղացու ձեռքում գտնված հողը խլել և մյուսին տալ և մինչև անգամ, եթե ինքը, գյուղատերը, ցանկանալու լիներ իրան պատկանող գյուղի հողերի վրա վարուցանք անել, գյուղացիները նրան թույլ չէին տա։ Դրա համար գյուղատերը ուներ իր ազատ հողերը, որոնց վրա նա վարուցանք էր անում։

Ամբողջ Ղարաբաղի գյուղատերությունը[1] պատկանում էր կամ հայոց մելիքներին կամ հայոց վանքերին։ Խաները սկզբում ոչ գյուղեր և ոչ մասնավոր կալվածներ չունեին։

Մի քանի փաստեր բավական են այդ իրողությունը ապացուցանելու համար։ Փանահ֊խանը, որպես մեր ընթերցողներին հայտնի է, առաջինը եղավ, որ հետզհետե տկարացնելով մելիքների զորությունը, Ղարաբաղի մահմեդական խանության հիմքը դրեց։ Նա Ղարաբաղի ամբողջ գավառում մի տեղ չուներ, որի վրա բերդ հիմներ. Շուշի բերդի տեղը գնեց Վարանդայի իշխան Մելիք֊Շահնազարից։ Նա ամբողջ Ղարաբաղում մի կտոր գետին չուներ, որ ծառայեցներ իր տոհմային գերեզմանատան համար, և այդ պատճառով Խաչենի Հասան֊Ջալալյան իշխաններից գնեց Աղդամը

  1. Գյուղատերությունը ասելով պետք է հասկանանք մշակության բերքից մի որոշ մասը ստանալու իրավունքը