Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

թե որքան քաջություն, որքան սրտի ամրություն պետք էր մի կնոջ, որ նա կարողացավ այդ ճանապարհով գնալու ժամանակ, ոչ միայն իր անձը ազատել պարսիկ սարվազների ձեռքից, այլ կոտորեց նրանցից շատերին։

Աղքատ կնոջ ամուսինը ալյուրի պարկը շալակած, երկուսը միասին բարձրանում էին քարափներից, հանկարծ վրա են հասնում մի խումբ սարվազներ։ Ամուսին այրը պարկը ցած է գցում և սկսում է փախչել։ Իսկ կինը մնում է, սկսում է քարերով կռվել սարվազների հետ։ Նրան հաջողվում է մեկին ցած գլորել և խլել նրանից հրացանը ու սուրը։ Այնուհետև, մի կողմից պատերազմնլով սարվազների հետ, մյուս կողմից` ալյուրի պարկը իր ետևից քարշ տալով, նա բարձրանում է դեպի բերդը։ Բերդի միջից հեռվից տեսնում են նրա կռիվը և աղաղակներով քաջալերում են։ Նա ազատում է իր զավակների ապրուստի պաշարը և մինչև բերդը մտնելը սպանում է մի քանի սարվազներ։

Մինչև այսօր ամեն մի շուշեցի չէ մոռացել այդ կնոջ անունը. նրան կոչում էին Խաթայի[1]։

Շուշի բերդը հայերի օգնությամբ ամբողջ 48 օր պաշտպանվեցավ Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերի դեմ։ Այդ սահմանագլխյան բերդը մի հզոր խոչընդոտ էր, մի մեծ արգելք էր նրա արշավանքի առաջադիմությանը դեպի Անդրկովկասի խորքերը: Եթե Աբաս-Միրզան այստեղ աջողություն գտներ, գործերի դրությունը շատ պիտի դժվարանար ռուսների համար։ Ղարաբաղի Մեհտի-խանը, այդ ռուսներից հարգված և գեներալի աստիճանի հասցրած դավաճանը, արդեն ոտքի էր կանգնեցրել Ղարաբաղի մահմեդական բոլոր խաշնարած, կիսավայրենի ցեղերին ռուսների դեմ։ Բացի Աբաս-Միրզայի կանոնավոր զորքերից, ռուսաց սահմանների մոտ թափառող պարսից բոլոր ավազակ ցեղերը, ինչպես էին շահսևանները, ղարաբաղցիքը, ահագին խումբերով անցել էին Երասխը ավարառության և կողոպուտի նպատակով։

Բայց Շուշին պաշտպանվում էր։

Այդ ժամանակ Աբաս-Միրզայի առաջապահ զորքերը նրա երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան-սարդարի առաջնորդությամբ, տիրելով Գանձակին, անցել էին մինչև Շամքորի գետը այնտեղից պատրասվում էին գնալ Թիֆլիսը գրավելու համար։

Դեռ օգոստոսի 4-ին ռուսաց զորքերը Թիֆլիսից

  1. Պոլկովնիկ Րեուտի առաջարկությամբ ռուսաց կառավարությունը նշանակեց այդ կնոջ համար ցմահ պենսիա