Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

վանքին, որ գտնվում է բոլորովին կուսական անտառների խորքում, սարսափելի լեռների բարձրավանդակի վրա: Դա վանք չէ, այլ վանքերի մի խումբ է: Ավելի քան ութն տաճարները կանգնած են միմյանց մոտ, այնքան մերձ, որ մի մարդ հազիվ կարող է նրանց մեջտեղից անցնել: Այտ տաճարներից մեկի մեջ դրաց է Վաչական թագավորի գերեզմանը իսկ նրա դռան հանդեպ գտա Ջրաբերդի հզոր տիրապետողի՝ Մելիք-Աթամ մեծի փառավոր շիրիմը: Այդ վանքում տեսա այն աշտարակը, որի մեջ բնակվում էր իմ պատմության հերոսներից մեկը՝ երևելի Դալի-Մահրասան (Ավագ վարպետը): Աշտարակի վերին հարկի միջից այժմ աճել է մի ահագին կաղնի ծառ: Մատաղիս գյուղից ինձ հետ վեր առած ուղեցույցը, որը այն ահռելի լեռներին և անտառների համարձակ որսորդներից մեկն էր, առանց լռելու պատմում էր ինձ Դալի-Մահսայի գործերը: Վարդապետ-հերոսի քաջագործությունները արձագանք են գտել երիտասարդի տպավորվող սրտում:

Եղիշե առաքյալի վանքից անցա Երիցմանկաց վանքը: Այդ վանքի մոտ է գտնվում Ջրաբերդ կոչված հռչակավոր ամրոցը, որ և կոչվում է Ջերմուկի բերդ: Այդ բերդի մեջ վտանգի ժամանակ կռվում էին Մելիք-Իսրաելյանները: Երիցմանկած վանքում մնացի մի օր: Ծերունի Տոնի-ապերը, միակ միաբանը այդ վանքի, որի մեջ մի ժամանակ կաթողիկոսներ էին նստում, ամբողջ գիշերը պատմում էր ինձ Չալախան յուզբաշու և Մելիք-Իսրաելյաների տոհմի զանազան ներկայացուցիչների մասին, և զարմանում էր, որ նրա պատմածներին այնքան նշանակություն էին տալիս, որ գրի էին առնում:

Երիցմանկած վանքից ոչ այնքան հեռու, Թարթար գետի աջ ափերի մոտ, մի անտառապատ ձորի մեջ գտնվում են ավերակներ մի հին քաղաքի, որի տեղը մինչև այսօր կոչվում է «Մայրաքաղաաք» կամ «Քղաքատեղ»: Այստեղ տեսա Մելիք-Աթամ մեծի կիսավեր պալատը, որ իր փոշիների մեջ դարձյալ հրաշալի է: Իսկ նոր Մոխրաթաղ գյուղի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ տեսա Մելիք-Աթամ մեծի ամրոցը, որ բոլորովին ամբողջովին մնացած է: Դռների ճակատների վրա կան երկար արձանագրություններ, որոնք պատմական նշանակություն ունեն:

Այստեղից ես հատկապես գնացի Մարդակերտ անունով գյուղը, մի մոտ հարուրամյա ծերունի տեսնելու համար, որի մասին առաջուց լսած էի: Նրան կոչում են Միրզա-Ասբի, հմուտ է հայերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուների