Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/38

Այս էջը հաստատված է

Ընդհանուր վերանորոգություններ ամբողջ Փոքր Ասիայի մեջ։ Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը։ Շատ պարզ է, որ Բ. Դուռը չէ ցանկանում Հայաստանը դարձնել մի արտոնական երկիր, որպեսզի այդ երկիրը, իբրև մի որոշ մարմին չառանձնանա և չանջատվի իր պետությունից։ Բալկանյան թերակղզու իշխանությունների կազմվելու պատմությունը, իհարկե, Թուրքիան շուտով մոռանալ չէր կարող։

Չնայելով, որ հայերի նպատակը խիստ համեստ է, չնայելով, որ հայերը ցանկանում են ունենալ մի բարվոք կառավարություն միայն և ազատվել մահմեդականների մինչև այսօր գործ դրած դարավոր բարբարոսություններից, այսուամենայնիվ, Բ. Դուռը չէ կամենում կատարել նրանց իրավացի պահանջումները, որ ամեն մի փոքրիշատե բարեկարգ պետության քաղաքացին իրավունք ունի վայելելու։

Այդ բավական չէ, այժմ Թուրքիան աշխատում է հայկական խնդիրը խեղդելու նպատակով ոչնչացնել հայ տարրը։ Աշխատում է լցնել Հայաստանը քրդերով, չերքեզներով, լազերով, աջարացիներով և այդ բոլոր վայրենի ցեղերի բարբարոսությունը գրգռել հայերի դեմ։ Ռուսաց նոր նվաճած երկրներից գաղթող բազմաթիվ մահմեդականներին նա զետեղեց Հայաստանի մեջ։ Իսկ եվրոպական Թուրքիայից դուրս եկող գաղթականների խումբերը նույնպես ուղարկում է դեպի Հայաստան։

Նպատակը հայտնի է և չորս ամիսը բավական ձիգ ժամանկ է նրան իրագործելու համար…

Նշանները արդեն երևում են Վասպուրականի մեջ, որ Հայաստանի սիրտն է, նկատվում է քրդերի կատաղի հուզմունք, այրվում են գյուղեր, սպանվում են մարդիկ, և ասպատակությունը օրըստօրե ավելի ընդարձակվում է, ավելի սպառնական ձև է ստանում։ Տարոնի նահանգում նույնպես արյուն է հոսում։ Սովուկ֊Բուլախի գավառում Շեյխ Իբադուլլահը, իր գլխին հավաքած ավելի քան տասն հազար ավազակներ, վտանգ է սպառնում Ատրպատականի հայերին։ Հեքարիի կողմերում Բահրի բեկը, իր ցեղի գլուխն անցած, ավերմունքներ է գործում։ Հին-Բայազետի կողմերում Հեյդարանլի քրդերը կողոպտում են հայերին։ Ամեն տեղ նկատվում են միևնույն չարագործությունները, որոնց կեղևի տակ թաքնված է թուրք կառավարության պաշտոնատարների նենգավոր ձեռքը։ Իսկ Կ. Պոլսի մահմեդական մամուլը այդ բոլոր