Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/382

Այս էջը հաստատված է

Ես դարձյալ կկրկնեմ միևնույն միտքը, որ վերևում հիշեցի մեզանում ընկերությունները կազմվում են ոչ թե գործ կատարելու համար, այլ գործը սպանելու համար։ Իսկ մասնավոր մարդիկ իրանց եռանդով, անձնանվիրությամբ, տոկունությամբ ավելի են գործում, ավելի արդյունք են ցույց տալիս, քան թե մի ամբողջ ընկերություն։

Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարղյանցի աշխատությունը, որը աղքատ, ամեն միջոցներրից զուրկ, բայց սիրտը լի եռանդով դերվիշի նման ոտքով ման է գալիս հայոց գյուղերը, մտնում է ժողովրդի ամեն ծալքերի մեջ, հեքիաթներ է հավաքում և մեր զավակներին ընթերցանության տետրակներ է տալիս։ Բայց ի՞նչ է շինում հայոց գրքերի տպագրական ընկերությունը, — ոչ ոք չգիտե։

Այդ բոլորը ինձ ակամայից ասել տվին մի քանի տխուր հանգամանքներ, որոնց վրա երկար խոսելը ավելի հեռու կտաներ։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ մեզանում մեծ պետք է զգացվում մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր անցյալը և ներկան ուսումնասիրելու։

Աշխատության բաժանության սկզբունքի վրա հիմնվելով, ես մյուս բաժինները թողնում եմ ավելի ընդունակներին, ավելի կարող անձինքներին։ Իսկ ես ընտրել եմ մի մաս միայն, այն էէ գրել Անդրկովկասում վերջին դարերում ապրող հայոց իշխանների և մելիքների պատմությունը, և երջանիկ կհամարեմ ինձ, եթե կհաջողվի այդ ձեռնարկության մեջ մի փոքրիկ ծառայություն անել մեր գրականությանը։