Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/386

Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ Մակար վարդապետը, որ ամեն ջանք գործ էր դնում ինձ նյութեր մատակարարելու, բայց յուր մոտ գտնված մի ամենահետաքրքիր հնություն, ինչպես էր «Գաղտնիք Ղարաբաղի» բնագիրը, ցույց չտվեց ոչ ինձ, ոչ Կարապետ հայր սուրբին։

Շատ հասկանալի է, եթե մի այսպիսի հնություն գոյություն ունենար, նա չէր թաքցնի ինձանից,— չէր թաքցնի և այն պարոններից, որ այդ ժամանակ Շուշիումն էին, և որոնք հետաքրքրված էին Ղարաբաղի պատմությունով։ Այն ժամանակ Շուշիումն էին պպ․ Ղազարոս Աղայանցը, Տիգրան Նազարյանցը ((«Աղբյուրի» խմբագիրը) և մի ամբողջ վարժապետական խումբ, որի մեջ էր Մակար վարդապետը, և խիստ հաճախ հանդիպում էինք միմյանց։

Մակար վարդապետը կարող է ասել. ես այն ժամանակ թաքցրի որպեսզի ինքս օգուտ քաղեի։— Դարձյալ կարող էր օգուտ քաղել, ո՞վ ուժով կխլեր նրա ձեռքից։

Այդ ինքնըստինքյան խիստ ծանր կասկած է ձգում գրքի գոյության վրա, որ Մակար վարդապետը այդ աշխատությունը խորհրդավոր ծերունիից ստանալուց, մինչև նրա բնագրի կորցնելը, 3 տարի, 3 ամիս և 25 օր պահում է յուր մոտ, և իր բարեկամներից ու ծանոթներից ոչ մեկին ցույց չէ տալիս, որ գոնե վկանեին, թե մի այսպիսի ձեռագիր տեսել են նրա մոտ։

Տարակույս չկա, երբ մի մարդ մի այսպիսի երևելի գյուտ է անում, և նրան հաջողվում է ձեռք բերել մի երկհատոր հին աշխատություն, որ բովանդակում է յուր մեջ մի երկրի պատմական գաղտնիքները.— նա ոչ միայն կթաքցնե այդ աշխատությունը (որ հետո կորցնե), այլ կհրատարակե լրագիրներում ի գիտություն հասարակության։ Մակար վարդապետը այդ ևս չի արել, ամեն ինչ ծածկել է մթության մեջ։ Իսկ Մակար վարդապետը պարտավոր էր հրապարակ հանել իր երևելի գյուտը։ Եթե ճշմարիտ են նրա այն խոսքերը, որ նա ասում է յուր առաջաբանի մեջ, թե խորհրդավոր ծերունին հանձնելով նրան այդ գիրքը, «կտակեց» տպագրել տալ,— ուրեմն նրա կտակը ճշտությամբ կատարելու համար նա հրապարակավ պետք է դիմեր հասարակությանը և օժանդակություն խնդրեր, որովհետև ինքը աղքատ մարդ էր։ Եվ նաև համոզված եմ, որ Թիֆլիսի տպագրական ընկերությունը կամ ամեն մի կարողություն ունեցող հայ չէր խնայի մի այդպիսի նշանավոր հնության տպագրության ծախքը յուր գրպանից վճարել, մանավանդ որ, պատմական աշխատությունների համար հանգուցյալ Իզմիրյանցի թողած գումարից պրեմիաներ կան նշանակված։