Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/396

Այս էջը հաստատված է

Այդ հաշվով պարզվում է այն ամբողջ առասպելը, Որ Մակար վարդապետը հնարել է, թե 1881 թվին ստացավ «Գաղտնիք»-ը, թարգմանեց, հետո բնագիրը կորցրեց և այլն,— դրանցից և ոչ մեկը չէր կարող պատահել, որովհետև ներկա թվականից առաջ հիշյալ գիրքը նրա ձեռքը հասնել չէր կարող։

Այդ բոլորից այն եզրակացությանն ենք հասնում, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները — հայր և որդի Բեկնազարյանները—երևակայական անձնավորություններ են, թե այդ գիրքը Մակար վարդապետի խարդախած աշխատությունն է, և թե Մակար վարդապետը այդ գրքի առաջաբանի մեջ, ի դեմս Ապրես Բեկնազարյանցի, նկարագրել է միայն յուր աստանդական կյանքը Տաճկական Հայաստանում և յուր 9 տարի մնալը Երուսաղեմի վանքի միաբանության մեջ և այլն։

Առհասարակ «Գաղտնիք»֊ի մեջ նշանակված թվականների մեծ մասը, անցքերի և փաստերի հետ համեմատելով, ցույց են տալիս խիստ խոշոր հակասություններ, որոնք պարզ կերպով երևան են հանում այն անհերքելի ճշմարտությունը, որ եթե հեղինակը գոյություն ունենար և ժամանակակից անձն լիներ, այն տեսակ սխալներ չէր անի։

Ես դեռ չեմ վերջացրել «Գաղտնիք»-֊ի մի զույգ հեղինակների հետ—հայր և որդի Բեկնազարյանների հետ։ Դրանց պետք է ամեն կողմից քննել, որովհետև դրանց գոյության հետ սերտ կապ ունի «Գաղտնիք»-֊ի հարազատության կամ անհարազատության խնդիրը։ Հենց մի անգամ ապացուցվեցավ, որ Բեկնազարյանները երևակայական անձնավորություններ են — իսկույն ինքնըստինքյան փուլ կգա ամբողջ «Գաղտնիք-ը և կապացուցվի, որ այդ գիրքը նույնպես մի երևակայական աշխատություն է, մի անհայտ հեղինակի գրած։

Ինչո՞ւ։

Նախքան այդ հարցին ուղղակի պատասխանելը, պետք է որոշել, թե ի՞նչ տեսակ աշխատություն է «Գաղտնիք»-ը։

«Գաղտնիք»֊ը վեպ չէ, պատմություն ևս չէ։ «Գաղտնիք»-ը մի հիշատակարան է, որի մեջ խառն և անկարգ կերպով պատմվում են զանազան պատմական անցքեր։ Անցքերի պատմողները —Բեկնազարյանները—կամ անմիջական կերպով ինքը գործում է անցքերի մեջ, կամ, եթե ինքը ներկա չէ, մյուս գործիչների հետ