Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/435

Այս էջը հաստատված է

Նույն Ալլահվերդի բեկն («Գաղտնիք»-ի հեղինակ Ապրես-բեկ) Քալբալայից հարություն է առնում, 43 տարի ճանապահորդություններ է անում, այցելում է Հայաստանի բոլոր վանքերին (եր. 394—395), յուր մեղքերը քավում է և հետո, 1891 թվին գալիս է Շուշի, մուրացկանի կերպարանքով ներկայանում է Մ...կար վարդապետին, և «Գաղտնիք»-ը հանձնում է հայր սուրբին…

Ե

Այն բազմաթիվ փաստերը, որ առաջ բերվեցան նախընթաց գլուխներում, կարծեմ բավական պետք է համարվեն ապացուցելու համար, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները — հայր և որդի Բեկնազարյանները— բոլորովին երևակայական անձնավորություններ են, և թե այդ գիրքը Մակար վարդապետի աշխատությունն է, որի վրա մի հին դրոշմ դնելու նպատակով, կնքել է Բեկնազարյանների անունով։

Այժմ պետք է նայել «Գաղտնիք»-ի վրա որպես Մակար վարդապետի հեղինակության վրա։

Որպես մի պատմական աշխատություն, հարկավոր է նախ որոշել, թե ի՞նչ մասներից է կազմված «Գաղտնիք»-ը։ Այդ հազիվ թե կարելի կլիներ, որովհետև գրքի մեջ բաժանմունքներ չկան: Հեղինակը ինչ որ գտել է, ինչ որ երևակայել է, ի տեղի և անտեղի կարկատել է միմյանց հետ, առանց դասավորության և առանց կարգի։ Այսպիսով, առաջ է եկել մի բաբելական խառնաշփոթություն, այն անցքերի և շատախոսությունների մթին քաոսը, որ ընթերցողին մոլորության մեջ է դնում, թե որտեղից է սկկսվում այդ գիրքը և որտեղ է վերջանում։ Այսուամևնայնիվ որպեսզի հնար լինի փոքրիշատե պարզ գաղափար տալ «Գաղտնիք»-ի բովանդակության մասին, կարելի է նրան մոտավորապես այսպես բաժանել.

1. Մի պատկեր, որ ներկայացնում է Շուշի բերդի պաշարումը Աղա-Մամադ-շահից։

2. Ժամանակագրական հիշատակարան զանազան պատմական անցքերի։

3. Պաշտոնական թղթակցություններ, պայմանագրեր և այլն Սկսենք պատկերից։

Բայց նախ հարկավոր է ծանոթացնել մի քանի պարագաների հետ, որպեսզի հասկանալի լինեն պատկերի մանրամասները։