Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/70

Այս էջը հաստատված է

Հիշյալ կրիտիկան տպվեցավ «Մեղուի» մեջ և լցրեց այդ լրագրի ութ համարների ամբողջ բանասիրական մասը[1]: Իբրև կրիտիկա նայել այդ աշխատության վրա, բոլորովին սխալ կլիներ, որովհետև նա զուրկ է կրիտիկայի համար ընդունված բոլոր պայմաններից, զուրկ է լոգիկայից և որ ամենագլխավորն է, զուրկ է արդար, խղճմտավոր և անկողմնապահ քննադատության հատկություններից: Պարոնի կրիտիկան կրքի, նախանձի, ատելության մի ողորմելի արտահայտություն է, և ավելի ոչինչ։

Նրա մեջ ամեն բան կա, ինչ որ պ. կրիտիկոսը մի անգամ լսել կամ տեսել է իր կյանքում, բայց բոլորը խառնիխուռն և անկապ կերպով դիզված միմյանց վրա։ Նրա մեջ կան զանազան հեղինակների և գրքերի անուններ, որոնց, որպես երևում է, չէ կարդացել պարոնը։ Նրա մեջ մտցրած է «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունուն, հայ բողոքականների քահանա Ամիրխանյանցին:

Նրա մեջ մտցրած է Պետրոս Սիմոնյանցի գդակը, Րաֆֆիի մաշված հողաթափները և ուրիշ շատ դրանց նման բաներ, իսկ այդ բոլորը ի՞նչ կապ ունի «Կայծերի» հետ,— դժվար է հասկանալ։

Առանց պ. Հայկունու հետ ծանոթ լինելու, առանց նրա գրասեղանի մոտ երբեք նստած լինելու, կարելի է ասել, թե ինչպես է կազմել պարոնը իր երկար ու ձիգ հոդվածը։ Նրան պատվիրել են Րաֆֆիին մի լավ «շինել», և նա կույր հնազանդությամբ հանձն է առել այդ գործը։ Սկսել է գրել առանց նախապես իր համար մի հասկացություն կազմելու, թե ինչ պետք է գրե։ Դուրս են եկել առաջին, երկրորդ, երրորդ համարները։ Փողոցում նրան նկատողություն են արել, պարոն դու կրիտիկա ես գրում, դու մի վեպ ես քննում, բայց նրա գեղարվեստական արժանավորությունների կամ թերությունների մասին ոչինչ չես խոսում։ Պարոն կրիտիկոսը նեղ տեղն է ընկնում։ Նա չգիտե, թե ինչ բան է վեպի գեղարվեստական արժանավորությունը կամ թերությունը։ Բայց պետք է մի կերպով այդ նեղ դրությունից դուրս գալ, և տգետ չերևալու համար իր հոդվածի շարունակության մեջ, պատահած տեղում խցկում է հետևյալ տողերը.

«Կայծերի» վրա նայել ինչպես մի գեղարվեստական (բանաստեղծական) գրվածքի վրա, դա նշանակում է ոչ մի գաղափար և ճաշակ չունենալ Պառնասի մուսաների ստեղծագործության մասին»… «Որովհետև «Կայծերի» հեղինակը «Խենթի»

  1. № № 31, 32, 33, 34, 35, 36, 37, 39: