Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Այս էջը հաստատված է

արկղ, բաժանված զանազան պահարանների, որոնց մեջ լցրած են ալյուր, ցորեն, լավաշ և տան բոլոր պաշարեղենը։ Փեթակի վրա դրված են քնաշորերի, սփռոցների և կապերտների ծալքերը։ Դռան աջ կողմում մեծ-մեծ թխած փթիրները և տառթերը պարսպաձև միմյանց վրա շարած՝ թումբի նման բարձրանալով, բաժանում են խրճիթի մի փոքրիկ մասը, ուր լեցրած է աթարներով, ոչխարի գնդաձև պտտուրներով, չոր ու ցամաք տերևներով, որոնք գործ են ածվում թոնրի ամենօրյա վառելիքի համար։ Դռան ձախակողմում այդպիսի նյութերով կտրած մի անկյուն էր կացուցանում մարագը ուր լեցրած է դարման (հարդ), խոտ չորքոտանիների ձմեռվա ապրուստի համար։ Դրանց մոտն է և հավերի թառը։ Խրճիթի մի անկյունում շինված է չորքոտանիների մսուրը, որի վրա կապած են Յոսլաբերը՝ պառավ Մարթայի գեր ու պարարտ կովը, յուր սիրուն խայտաբղետ հորթի հետ, որի մարմնի սպիտակ գծերը կամ «զոլերը» նա ներկել էր հինայով. նրա մոտ՝ կովի մատաղահաս երինջը, որ տալիս էր լի հույսեր յուր գալ տարվա մեջ հղի լինելուն։ Մի փոքր հեռուն, կանգնած է, ականջները ծուլորեն վայր կախած— մոխ-րագույն էշը՝ <<ծերունի Մկրտչի ոտերը>> — որպես կոչում էր նա։

Կարծես թե երկար տարիների կենակցությունը սովորեցրել էր այդ օրհնյալ անասուններին կարեկցաբար մասնակից լինել իրանց տերերի ուրախ և տրտում զգացմունքներին։ Երբ պառավ Մարթան շատ անգամ յուր վշաերը և տխրությունը հալածելու համար՝ մոտենում էր յուր մտերիմ Յուղաբերին, քորելով, փայփայելով նրա սիրուն գլուխը, և կամ գրկում էր նրա կայտառ հորթը, սկսում էր համբուրել նրան, կովն էլ, ուրախությամբ յուր պոչը շարժելով, գլուխը թափ տալով, դուրս հանելով յուր խարտոցի նման լեզուն՝ սկսում էր լիզել յուր տիկնոջ խորշոմած երեսը։

Ամեն օր, երբ ծերունի Մկրտիչը քորոցը ձեռքում սկսում էր գովաբանելով քորել յուր իշու մարմինը, նրա խեղկատակ գրաստը չէր դադարում յուր ծերունի տիրոջ հետ խաղալ յուր ամենօրյա կատակերգությունը, նա շատ անգամ յուր ատամներով ձիգ էր տալիս նրա հանդերձի փեշերից, ծլունկ լինում, տռտիկ տալիս, քացի գցում, և վեր-վեր թռչում, մինչև արձակելով յուր հետքից մի սաստիկ տրխկոց՝ շարժում էր յուր տիրոջ սառն երեսի չոր ու ցամաք խորշոմները մի անսովոր ծիծաղով։

Յուղաբերը յուր անունի համեմատ ամեն օր առատ կաթ և յուղ էր տալիս։ Պառավ Մարթայի դրացի կանայք մախանոք[1] նայում։

  1. Մախանոք-նախանձով։