Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Այս էջը հաստատված է

պիտի «մի լույս ծագե», որով նրանք ազատվելու են անօրենների բռնությունից։ Բայց թե ո՞րտեղից էին հասնում նրան այդ լուրերը, ստո՞ւյգ էին, թե սուտ՝ ոչ ոք չգիտեր։

Ժամատան կոչնակները զարկում են։ Առաջին մարդը, որ երեվան է լինում բեմի առջև՝ ծերունի Մկրտիչն է։ Նա, չսպասելով լուսաբացին, վառում է կանթեղները և ջահերը, գրքակալը դնում է սեղանի առջև, կարգի է բերում բեմի վրա գրքերը և խաչերը, պատրաստում է բուրվառի մեջ շիկացրած ածուխ, և յուր քթի աղյուխով սրբում է պատկերների փոշին, մոմեր վառելով նրանց առջև, համբուրելով, երկրպագություն տալով՝ հեռանում է։

Գալիս են քահանաները։ Ծերունին շտապելով բերում է փիլոնները, ձգում տերտերների ուսի վրա, և գրպանից հանելով քթախոտի պարկը՝ ժպտալով, շախա֊շուխա անելով, նրանց մեծարում է, ձեռները պաչում և բազում օրհնություններ ստանալով՝ գնում կանգնում է յուր տեղում։ Սկսվում է ժամերգությունը։ Եկեղեցին լցվում է հավատացյալ գյուղացիների բազմությամբ։ Ծերունին դարձյալ հանգիստ չէ, նա անդադար ցատկում է այս ու այն կողմը, կտրում է պատրույգների ծայրերը, լուսավորում է կանթեղները, որի յուղը պակաս էր՝ լցնում է. եթե պատկերների մինի մոմը հանգած ծխրտում է՝ յուր մատներով սպառում է ծուխը, որ անախորժ հոտ չարձակեր դեպի սուրբ պատկերը։ Երբ նա կանգնած էր յուր տեղում, նրա սրատես աչքերը նայում են դեպի ամեն կողմ։ Եթե տերտերի շուրջառի կամ փիլոնի փեշերից ծալված էին, և կամ մի տեղ կծկված էին, շուտով գնում և ուղղում էր այն։ Քահանան կարդում է սուրբ Ավետարանը։ Մի մանուկ տիրացու լուսավորում է աստուծո գիրքը՝ սխալմամբ յուր ձախ ձեռքով։ Ծերունին նշմարում է այդ, բարկությամբ գնում է, խլում է մոմը և աջ ձեռքով է բռնել տալիս, ապա նայում է դեպի դասերը․ եթե փոքր երեխաներից մինը մի անկարգություն էր գործում, մոտենում և նրա գլխին մի ապտակ է թխկացնում, ականջն մի լավ ձիգ է տալիս և մռմռալով հետ է դառնում, կանգնում է յուր տեղում։ Երբ նա հանգիստ կանգնած «տերողորմյայի» հատիկները ձեռքում չխչխկացնում և համարյա լսելի ձայնով կարդում է ժամերգուների հետ, բայց միաժամանակ հուշարարի նման նա չէր դադարում հեռվից նշան տալ այս կամ այն քահանային կամ տիրացուին իրանց կարգը պահելու և ընթերցվածքի մեջ իրանց սխալը ուղղելու։ Թեպետ նա ինքը կարդացած չէր, բայց երկար տարիների ժամ գալու սովորությունը սովորեցրել էր նրան անգիր սերտել եկեղեցական