Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Այս էջը հաստատված է

ջերմեռանդ և կրոնամոլ կնամարդը: Կարծես թե աստված դրանց ստեղծել էր միմյանց համար, երկուսը իբր մի մարմին կապված էին կրոնքով, և երկուսի մեջ բնակվում էր մի հոգի։ Պառավ Մարթան ավելի սնապաշտ էր քան յուր ամուսինը, նա հավատալով հայերի մեջ եղած այն ավանդության, թև դևերը և սատանաները վախենալով խույս են տալիս պողովատից, որովհետև պողովատը լուծում է նրանց աներևույթ լինելու կարողությունը, այդ ավանդության հիման վրա, նա մի պողովատն օղամանյակ էր անցրել յուր պարանոցին, բազուկներին ապարանջաններ և մատին մի հատ մատանի-նույն մետաղից։ Նա յուր հարսանիքի հագուստի կապոցի վրա նույնպես շարել էր ասեղներ, որպեսզի դևերը նրանց կմերձենային և գիշերները հագնելով հարսանիք չանեին։ Բացի դրանից, պառավ Մարթան յուր անձը պատսպարել էր զորավոր գրվածքներով, մանր ուլունքներով զարդարված նրա թևերի վրա կապած «բազբանդները» պարունակում էին իրենց մեջ «թիլիսիմներ»։ Մի արծաթյա կիսալուսին, խազած անհասկանալի նշանագրերով քարշ էր գցած յուր պարանոցի մանյակի շարքից։ Նա յուր վզին կապել էր մեկ մատնաչափ երկայնությամբ արծաթյա խողովակ, որ ավելի նմանություն ուներ թնդանոթի խողովակին։ Դրա մեջ ամփոփված էր մի թղթե փաթոթ, ո՞վ գիտե ի՜նչ լեզվով գրված։ Այդ թողել էր նրան յուր հանգուցյալ մայրը, որ մեռնելու ժամանակ դողդոջուն ձեռքով մեկնեց դեպի յուր աղջիկը, ասելով,— Ա՛ռ, Մարթա՛, անցրու պարանոցովդ այդ հուռութքը, դա կպահպանի քեզ ամենայն չարից...»։ Նրա երեսի երկու կողմից, ականջների վրա, գնդերու հետ միասին կախած էին գույնզգույն մետաքսյա գործվածքների մեջ կարած քառանկյունի ձևով փոքրիկ փթիկներ, որ հայոց լեզվով նշանակում է կախարդական բժժանքներ։

Մենք ավելորդ ենք համարում ձանձրացնել մեր ընթերցողին, մի ըստ միոջե նկարագրելով պառավ Մարթայի բոլոր զարդարանքը, որ շնչում էին կախարդական և կռապաշտական ոգով։ Բայց չի կարելի մի քանի խոսք չասել նրա սնահավատության մասին կրոնական իրողության մեջ։

Մի օր նրանց տան մեջ մի մեծ դժբախտություն պատահեց․ առավոտյան Մարթան վեր կացավ, թոնրի խուփը վեր առավ և զարհուրեց տեսնելով թոնրում սատկած իրանց կատուն։ Նա սկսեց ցավակցաբար և ողորմելի եղանակով հառաչել, ո՛չ նրա համար միայն, որ նա կորցրեց յուր սիրելի կատուն, այլ ավելի այն պատճառով, որ կատուն թոնրի մեջ սատկելով՝ պղծել էր նրան։ Նա