Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Այս էջը հաստատված է

էր «նիազ». պառավ Մարթան ընդունում էր ոչ թև յուր նյութական օգտի համար, այլ, որպես հավատացնում էր նա, թե առանց նիազի բժշկական դարմանները իրանց զորությունը կկորցնեին։ Օրինակ, տեսնում ես մի օր ծերունի Մկրտչի խրճիթը ներս է մտնում մի կին, յուր գրկում փաթաթած երեխա է. հեզիկ բարև տալով, գնում, նստում է պառավ Մարթայի կողքին։ Ծերունի Մկրտիչը հյուսում է փսիաթ՝ յուր սովորական երգը երգելով։ Եկող կինը, ծերունուց ամաչելով, երեսը յուր թանձր և անթափանցիկ երեսքողով մինչև կուրծքը ծածկելով՝ լուռ և մունջ նստած է։ Ծերունին նշմարելով, որ յուր ներկայությունը արգելք է լինում նորեկ հյուրին, վեր է կենում, և իշու «նուխտից» բռնելով՝ դուրս է տանում գետի եզերքում արածացնելու պատրվակով։

— Բարո՜վ, Խաթուն-Բաջի,— ասում է Մարթան:

— Աստծո բարին քո արևին,— պատախանում է եկվորը։

— Ի՞նչ կա, բարի լինի,— հարցնում է պառավը։

— Աստուծով բարի է... բայց Մարթա, իմ աչքի լույս, երեխեն, ահա մի ամիս է ցավից աչք չէ բացում։

— Հա՛, քույրիկ, այս տարի չար տարի է, ցավ ու չոռն շատ է. տերտերն էլ այդպես է վկայում գրքի խոսքով... Հարբուխ, խորուզակ, տաքոտք, համարյա ամեն տան մեջ տանջում են երեխաներին։

— Բայց իմ երեխիս ցավը մյուսների նման չէ. նրանց շատերի վիզը և կոկորդը ուռչում է, կամ հազում են․ «խաչիցն» է ասում են. այդ պատճառով սուրբ Խաչ ուխտ գնալով — փրկվում են։ Բայց իմ երեխիս չար աչքով տվին և այդպես, օրըստօրե հալվում և մաշվում է։

«Չար աչքում չար փուշ», ասաց պառավը, երեխայի ձեռքը բռնելով և նրա երեսին նայելով։

— Բայց ես վախենում եմ «չարոց» լինի, — առաջ տարավ Խաթուն-Բաջին։

— Բա, «չարոց» է, երեխի վրա սաստիկ վախ նստելով, չեք տվել շուտով «աղոթեն», դրա համար ուղլուկ (բարակացավ) է բռնել։

- Իրա՛վ, այդպես է, մեր հացթուխը, այն անիծյալ Նուբարը՝ անցյալ օրը երեխիս վախեցրեց «Մարդագայլի» անունով։ Հապա դրան ճար չկա՞։

— Ինչու՛ չէ. ուզու՞մ ես դյուրին լինի բանը, սուրբ Սարգսին ուխտ տար:

— Տարա. բայց բժշկություն չեղավ...— պատասխանեց Խաթուն․ Բաջին հոգոց հանելով։— Ու՜հ, քույրիկ, ժամանակը փոխվել