Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Այս էջը հաստատված է

Անտարակույս, դա մի դև է լինելու, որ մի սուրբի անեծքով ստացել է գայլի կերպարանք։ Քրիստոսն էլ հրամայեց, որ դևերը մտնեն խոզերի մեջ։

— Չէ՛, Մարթա, հոգիս, ասում են մարդագայլը եղել է մի վանքի վարդապետ, Կ... գյուղացի Թոմաս անվամբ։ Այդ պատճառով նա խոսում և խաբում է մարդկային լեզվով։ Մի գիշեր նա մի ջրաղացի դուռն է բախում. «բաց արեք, խեղճ ճանապարհորդ եմ,— ասում է նա,— բուքը և բորանը ինձ խեղդում են, ողորմություն արեք, հոգի աղատեցեք, ես մի հայ մարդ եմ..,», ջաղացպանը բացում է դուռը, և զարհուրում է, տեսնելով ահագին մարդագայլը ներս մտած։ Այս խոսքերը պառավ Մարթայի վրա սարսափ են ազդում․ նա սկսում է մունջ խաչակնքել յուր երեսը և աղոթք կարդալ։

— Մարդագայլը վնաս չէ՛ տալիս ջաղացպանին, որովհետև նա վառում է թոնիրը և սոված մարդագայլի համար «շոթեր» է թխում։ Նա անհագ կերպով ուտում է։ Եվ որովհետև երկար ժամանակ նրա մարմնի վրա բույն էին դրել լվերը, ոջիլները և անիծները, նա մերկանում է յուր գայլի մուշտակից, որ այն փոքրիկ ուտող-մաշող գազանները թոթափե թոնրի կրակի մեջ։ Ջաղացպանը զարմանում է տեսնելով թոնրի շրթան մոտ նստած մի սև վարդապետ գայլի մուշտակը ձեռքում։ Նա հարձակվում է նրա վրա, որ խլե մուշտակը և կոխե թոնրի մեջ, որ այրվի։ Բայց մարդագայլը իսկույն աներևութանում է...։

— Վա՜յ քո հոգուն, վարդապետ, որքան նա սիրում է գայլի մուշտակը, որ մարդկությունից գազանի փոխվելով՝ հափշտակե և ուտե մարդոց և ոչխարների միս...— ասաց պառավ Մարթան անկեղծ պարզամտությամբ[1]։

Համարյա ամեն օր ծերունի Մկրտչի տանը տեղի էին ունենում այդ օրինակ կախարդական տեսարաններ, և ամեն օր, փոքրիկ Սալբին լսում էր այդպիսի առասպելաբանական զրույցներ յուր վարժուհուց և նրա այցելուներից։ Եվ այսպես սնոտիապաշտությունը, յուր բոլոր այլանդակ կերպարանքներով, սկսված մանկության մատաղ հասակից նրա հստակ և մաքուր սրտի վրա խոր կերպով տպավորվում էր։

  1. Այդ առասպելականացրած զրույցը առնված է մի պատահական անցքից, որ առայժմ հեղինակը ավելորդ է համարում բոլորովին մերկացնել յուր ընթերցողի առջև