Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Այս էջը հաստատված է

ծերությանը, տակավին ժիր ու վաստակարար— մեկ րոպե դադար չուներ աշխատելուց։ Տիկին Սկուհին, այն օրհնյալ տնարար կինը, արևածագից մինչև կես գիշեր, բնավ հանգիստ չուներ։ Նա ոչ միայն յուր գերդաստանի տանտիկինն էր, այլ յուր տան հացթուխը, խոհարարը, մատակարարը, յուր տղայոց ստնտուն, այլև յուր ընտանիքի դերձակը լինելով՝ կարում էր բոլորի հագուստը։ Բայց ամենայն դառն աշխատությունները քաղցրանում են՝ երբ վայելում ենք նրանց պտուղները, իսկ երբ մեր աշխատությունը դառնում է ուրիշների վայելչության նյութ՝ մեզ միայն ունայն չարչարանքն է մնում...։

Ձմեռն է գյուղացիների հանգստի միակ ժամանակը. երբ նրանց արտերը և այգիները, նրանց մարգերը, արոտները՝ անհոգ քնած են սպիտակ ձյունեղեն վերմակի տակ, երբ նրանց տավարները, նրանց ոչխարները տաք գոմերի մեջ հանգստորեն վայելում են իրանց համար պատրաստված պաշարը։ Դատարկապորտ գյուղացիք հավաքված փարախներում, իրանց անասունների մոտ, շատախոսում են դատարկ զրույցներ, և պատմում են միմյանց իրանց գլխին եկած հետաքրքրական անցքերը, կամ թե, գտնում են մի աշըղ, որ նրանց համար երգում և սազ է ածում, թագավորների և սիրողների հեքիաթներ է պատմում։

Բայց այդ զվարճություններից, այդ զբոսանքներից զուրկ էր մահտեսի Ավետիսը.— նրա մենակությունը, ընտանիքի հոգսը, թույլ չէին տալիս նրան մինչև անգամ ձմեռը անգործ մնալու։ Նա յուր անասունների ախոռի մի կողմում, շինել էր մի փոքրիկ սաքու. որ տաքացած էր չորքոտանիների շնչով։ Այստեղ էր նա հաստատել յուր ջուլհակի (ոստայնանկի) մեքենան և կես գիշերից սկսած այդ մելամաղձական բնակարանի մեջ լսելի էր լինում Մահտեսիի մաֆուգի և դֆայի տխուր և դաշնակավոր չկչկոցը։ Նրա կինը, տիկին Սկուհին կամ պատրաստում էր թելի մասուրաներ և կամ հարդարում էր հինածը. երբ նա յուր ամուսնուն օգնելու պետք չէր, հեռու նստում էր յուր դյազգեհի մոտ, Նազլուի հետ միասին հինում էին շալեղեն և ասվեղեն գործվածքներ, որոնց թելերը նա ինքը իլիկով ամառը սարում մանել էր իրանց հովիվների կանանց հետ։ Գեղեցիկ է նայել այդ ժրաջան կանանց վրա, երբ սարերում՝ հեռու իրենց վրաններից, կանգնած մի բարձր քարաժայռի գլխին, կամ մի հստակ աղբյուրի մոտ, երգելով, պտտեցնում են իրենց իլիկը։ Բանաստեղծական այդ տեսարանը երևան է հանում հովվական կյանքի անմեղ և անզարդ բնավորությունը։ Բայց ավա՜ղ հայոց