Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Այս էջը հաստատված է

հովվուհիների իլիկը նրանց համար չէ մանում․․․ նրանց ազնիվ և նուրբ գործվածքները իրանց կիսամերկ զավակները չեն հագնում, այլ, վաճառելով՝ վճարում են անգութ պարտատիրոջ տոկոսիքը, կամ ավելի վատթար, շատ անգամ բարբարոս քուրդը ավազակաբար կողոպտում է նրանց բոլոր գույքը՝ նրանց ոչխարների հետ։ Մահտեսի Ավետիսի միակ հանգստի և օրհնության ժամերը լինում էին ավագ պասին։ Այդ ապաշխարհական օրերին միջօրեից առաջ ժողովրդի ծերերը հավաքվում էին եկեղեցու բակում մի խուցի մեջ, քահանան նրանց համար կարդում էր Այսմավուրքը, սրբոց վարքը, և նրանք ախորժանոք լսում էին աստուծո և կրոնքի խոսքերը:

Հուրի Խան-Դայան, որպես բոլոր սնապաշտությունների կենդանի օրինագիրք, որպես տեր֊Աոաքելենց տոհմի հնամոլ պատրիարքը, յուր ձեռքում ուներ տնտեսական կառավարության ղեկը, ընտանիքի մյուս անդամներից ոչ ոք համարձակություն չուներ գործել նրա կամքին դեմ, այլ պահպանում էին իրանց տան ծերի պատիվը և նրա ծանրակշիռ համարումը։ Տիկին Սկուհին, որ արդեն քանի որդոց մայր էր, առանց նրա խորհրդի՝ չէր կարող մի պատառ հաց յուր բերանը տանել, նա չափազանց պատվում էր յուր պառավ կեսրոջը գիշերները, երբ նա անկողին էր մտնում, տիկին Սկուհին նրա մոտ նստելով՝ մաժում էր նրա ոտերը, յուր ձեռքերով տրորում էր նրա մեջքը, և չէր հեռանում նրա կողքից մինչև նա չքներ։

Ռուստամը, մեր վիպասանության նազելի հերոսը, որպես մի օրհնյալ գերդաստանի զավակ, ուր նահապետական անզարդ կյանքի պարզությունները դեռևս պահպանում էին իրանց ծաղկափթիթ քնքշությունը, Ռուստամը, որպես մի հանդուգն և մեծահոգի մանուկ, յուր կյանքի ազատ շնչի հետ ներս էր շնչել մի ախտաբորբոք և դյուրագրգիռ հոգի, մի՝ երկաթի պնդությամբ կամք և աներկյուղ սիրտ — արժանի է հարցասիրության յուր բնավորության մի քանի անզուգական հատկությունների համար։ Նրա երեսի մի փոքր սևակարմիր գույնը, թուխ գանգուրների հետ՝ մի առանձին վայելչությամբ գեղեցկացնում էին նրա զվարթ և սիրուն դեմքը։ Լայն և բարձր ճակատը, սահմանափակվում է ներքևից սև-թավախիտ հոնքերով, որոնք երկու կողմից կամարաձև գալով քթի վերնակողմում միավորվում էին, մյուս ծայրերը երկարելով մինչև ականջները — ձևացնում են երկու սև աղեղնաձև գծեր, խազած մեկ կողքից մինչև մյուսը։ Նրա աչքերը, այն թուխ վառվռուն աչքերը՝ նապաստակի երկչոտ աչքերի նման դուրս ընկած չեն, այլ՝ առյուծի հպարտ նշաձև