Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Այս էջը հաստատված է

— Ես անցրել եմ ավելի շատ օրեր, քան թե դուք,— առաջ տարավ պառավը և ես տեսնում եմ արևի լույսը ավելի հին տարիներից... մեր պապերի բարք ու վարքը այսպես չէ՛ր, մեր օրերում կույս աղջիկները և ազապ տղամարդիկը չգիտեին թե ինչ է սերը, երբ նրանք լսում էին հարսանիքի, պսակվելու անունը, ամոթխածությամբ կարմրում էին և նրանց աչքերը լցվում էին արտասուքով։ Բայց ա՛յժմ... — վա՜յ մեր մեղավոր հոգիներին — աղջիկը, զուգած-զարդարած յուր մարմինը հազար ու մի պչրանքներով, հալվում, մաշվում է հաճոյամոլությամբ զինքը սիրել տալու համար։ Իսկ տղամարդը այրվում և վառվում է յուր սիրուհու կրակով...։ Ի՞նչ ասել է այդ — չէ, որ դա ազգային կյանքի մեջ մի ժանտախտ է, որ ապականում, փտեցնում է առաքինությունը, ոը մահացնում է պարկեշտությունը և ողջախոհությունը...։

— Մայր իմ,— խոսեց մահտեսի Ավետիսը,— ինչո՞ւ եք դուք այդպես ծուռն աչքով նայում ձեր թոռան և նրա հարսնացուի միմյանց հետ համարձակ վարվողության վրա. չէ՞ որ աստված ինքը դրեց այդ սուրբ սերը նրանց սրտերի մեջ՝ երբ դեռ նրանք իրանց մայրերի արգանդումն էին։ Մի՛թե մեղավոր պիտի համարվին նրանք, որ հակառակ մի կեղտոտ և տարապայման ասիական սովորության՝ համարձակվում են հայտնի կացուցանել իրանց սիրահարությունը։

— Ի՞նչ ասել է սիրահարություն, այդ ի՞նչ օտարոտի բառ է,— կոչեց պառավը բարկացած,— ի՞նչ է նշանակում մի սեր այր և կին մարդերի մեջ, որ չեն կապված որևիցե աստուծո օրենքով, եթե ո՛չ—լկտի ցանկություն, լրբություն և հեշտախոսություն։

— Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր,— հարցրուց մահտեսի Ավետիսը։

— Երբ մի բարի բանի գործադրությունը՝ մյուս շատ չար բաների առիթ է տալիս, լավ է խափանե՛լ այդ բարին, մի կաթիլ քաղցր ջուրը չէ կարող փոխել մի դառն ծովի տտիպ համը։ Երբ իմ դուռը բաց թողնելով՝ շատ բարի մարգերի հետ ներս են մտնում շատ չարեր, գողեր և ավազակներ՝ լավ է — փակվի այդ ճանապարհը։ Ահա՛, որդի՛, դրանք անհերքելի ճշմարտություններ են։ Եվ այսպես, մի սուրբ սեր, որպես դուք անվանում եք, երբ թույլատրվի ճանապարհ կբանա անթիվ խարդախ և պիղծ սերերի... և այդ նկատում ով իսկ՝ խելացի Ասիան ամենայն զգուշությամբ արգելում է մարդկանց հաղորդակցությունը կանանց հետ, և այդպիսով պահպանում է մարդկության սրբությունը և մաքրությունը։