Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Այս էջը հաստատված է

Մահտեսի Ավետիսը ոչինչ չպատասխանեց, այլ գլուխը քարշ գցած լուռ դուրս գնաց։ Բայց Ռուստամը, որ մինչև այն րոպեն դռան ետևից ականջ էր դնում՝ ներս մտավ, և ասաց.

— Մա՛յրիկ, դուք սխալ նախապաշարման մեջ եք, պետք է հետևել լուսավոր ժամանակի պայմաններին և պահանջներին, պետք է...

— Լո՛ւռ կաց, մի խոսիր, լակո՛տ,— գոռաց պառավը,— այդ խոսքերը ժանտա՛խտ են, մահացո՛ւ են, դրանք թունավորում են իմ օրհնյալ գերդաստանի անմեղ պարզամտությունը։ Իսկ քո հոգին ապականված է այդ ազգակործան գաղափարներով՝ ընկերանալով Արամի և Մելիքզադեի նման վտանգավոր մարդոց հետ. քո թոքերի մեջ նրա՛նց շունչն է փչում, դու հեռո՛ւ ես հայոց օրենքներից, քո մեջ մոլություն կա, դու միա՛կ պատիժն ու պատուհասն ես, որ նյութում ես իմ տան կործանումը..

Թ

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ

Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով ջուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալաճվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս։ Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով՝ սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել՝ չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:

Երեխան ճչում էր, ցավից՝ լաց էր լինում։ Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.

— Մա՛յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՛յդ կոշտ մաղով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:

— Երբ հերթը ձեզ հասնի,— պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ,— դուք ա՛յդպես արեք... բայց ես քանի կենդանի եմ. ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը։