Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Այս էջը հաստատված է

բավակա՛ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և Նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին։ Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում։ Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը՝ իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ՝ թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի բանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին։ Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ գնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը։ Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում։


Տիկին՝ Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին ասելով թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը[1] (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին։

Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով։ Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված։ Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա՝ բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում՝ դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանդր, և այլ կանացի պաճուճանքների գործիքներ։ Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով։ Նրա մատենադարանը ևս աղքատ չէր — մի քանի գրքեր, հայրենի և

  1. Օջախ ասվում են այն փոքրիկ, շատ անգամ փլատակված մատուռները, ուր կարծվում է թե աներևույթապես բնակվում էին սրբեր։ Օջախ ասվում է և մի հաստատ գերդաստան որ ուներ ամեն օր վառ կրակ։ Այդ բառը ապրում է կրակապաշտական ժամանակից, և թոնիրները և այլ կրակարանք մինչև այսօր ունին իրանց սրբազան հարգությունը մեր քրիստոնյա հայերի մեջ։