Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Այս էջը հաստատված է

ամաչում էին պատասխանել շահախնդիր քահանայի հարցին՝ ահա եկեղեցու դռնից դուրս եկավ, պատառոտած մուշտակը հագին, մի կեղտոտ մարդ։ Ամենքին ծանոթ ժամհար Մըխոն է նա, որ միանգամայն կատարում է երեցփոխանի և գանձապետի պաշտոնները, Մըխոն,— նրա մկրտության անունը Մխիթար էր,— ուսերը շարժելով, գլուխը քորելով, և մի բուռն դեղին քթախոտի փոշի յուր պարկի միջից պնչածակերը ուղարկելով՝ և մի առողջ փռշտալուց հետո, փաղաքշաբար մոտեցավ քահանային, և ասաց.— տերտեր ջան, քո հոգուն մատաղ, դու քո գործին կաց, այդ պարոնների ընծաների մասին հոգս մի աներ, քո Մըխո ծառան այնքան հիմար չէ, յուր գործը գիտե... դեռ դուք ժամը չմտած՝ ես իմ հաշիվս վերջացրել էր այդ պարոնների հետ։

Ժրաջան ժամկոչը յուր խոսքը վերջացնելով, գլուխը քար ձգած, փսփսալով՝ կամենում էր կրկին եկեղեցին ներս մտնել, որպես թե մի մեծ գործով էր զբաղված, բայց հանկարծ նրան կանգնեցրեց անհամբեր տեր Մարկոսի ձայնը.— Դու ո՛չ մեռնես Մըխո, ո՞ւր ես այդպես մկնի նման շուտ ծակը մտնում. մի ասա, լսենք, լեզուդ հո չէ՞ ցավում, արդյոք ի՞նչ է նորափեսաներից քո ստացածը, թող ե՛ս էլ հասկանամ, ժողովո՛ւրդն էլ։

«Ես ուզում եմ բանը ծածուկ մնա,— ասաց Մըխոն յուր մտքի մեջ.— գիտեմ, էգուց մյուս օր կասես— Մը՛խո, դաֆտարումը կես-կես գրե։ Բայց քանի որ դու այդքան միամիտ կլինես, ինձ էլ դժվար չէ ասելը»։

— Ի՞նչ ես շշկլած, քեզանից բան եմ հարցնում,— կրկնեց քահանան։

— Ի՞նչ... հա... տասնևհինգ նոր փեսա չե՞ն մի,— ուշքի գալով հարցրուց ժամկոչը։

— Հրամեր եք, աղա ժամկոչ,— կատակելով պատասխանեի քահանան։

— Ահա քեզ հաշիվ.— ղասաբ Առաքելենց տղա Կիկոն տվել է մի ոչխար և մի թուման փող։ Լաք Արզումանի տղա Ոսկանը՝ մեկ տիկ գինի և յոթն ղռան փող, կռնատ Սիմոնի տղա Քոչարը՝ երկու աման արաղ և չորս հատ աքլոր։ Դոդոշենց Միրզոն՝ շեն մնա, երեք թուման փող և տասն գրամ վառելու ձեթ։

Տեր Մարկոսը, որ ախորժակով լսում էր ընծաների անունները, ուշի գալով հասկացավ յուր սխալմունքը, և չկամենալով, որ դրանց մասին յուր ընկեր տեր Մարուքը տեղեկություն ստանար՝ ասաց ժամկոչին.— բավակա՛ն է, բավակա՛ն, ինչպես երևում է քո հաշիվը