Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Այս էջը հաստատված է

միմյանց խթելով, դուրս էին գնում եկեղեցու բակից, եվրոպական թխագույն հագուստով մի կին, երեսը կանաչ շղարշով վարագուրած, հեռուն կանգնած՝ արհամարհանքով նայում էր, կարծես յուր մտքի մեջ պախարակելով ռամիկների մի այդպիսի սնոտիապաշտությունը։ Նրան մոտեցավ մի այլ կին, նրա երեց քույրը, տիկին Սկուհին, ասիական հագուստով, և ասաց.— Տեսա՞ր, Սալլաթին, հոգիս, ո՞րքան լավ անցավ այս տարի տյառընդառաջը։

— Փառավորվի՜ տեր Մարկոսը, — պատասխանեց տիկին Սալլաթինը կատակելով.— քանի այդ աստվածահաճո քահանան կենդանի է՝ ձեր եկեղեցին կունենա քրիստոնեական համ ու հոտ...»

— Ինչու ձե՞ր,— հարցրուց տիկին Սկուհին վշտանալով,— միթե դու ևս մեր եկեղեցուն չե՞ս պատկանում։

— Հա՛, այնպես լեզվիս վրա եկավ այդ խոսքը... բայց, Սկուհի, դու գիտես, ես չեմ սիրում այդ ծեսերը. դրա համար, ինձ ախորժելի չէ՛ միշտ տեր Մարկոսի երեսը տեսնել...։ Այս երեկո ժամ եկա լոկ հետաքրքրությունից դրդված։

— Ո՛չ, ո՛չ, տեր Մարկոսը մի օրհնյալ քահանա է. նրա իմաստությունը՝ չափ չունի։ Չլսեցի՜ր թե ինչպիսի սքանչելի ոճով էր պատմում Սիմեոն ծերունու և Աննա մարգարեուհու մասին։

— Հա՛, նա ամբողջ Աստվածաշունչը յուր փորումն ունի,— կատակեց տիկին Սալլաթինը.— նա պատմում է սուրբ գրվածքը՝ խառնած անտեղի ավանդությունների հետ։

— Ազգային ավանդություններն ևս չպետք է կորցնել,— ասաց տիկին Սկուհին չհասկանալով յուր խոսքը։

— Չպետք է կորցնել այն մտքով, որ ավանդությանց և ծեսերի մեջ կարելի է գտնել ազգերին հատուկ նշաններ, նրանց բնավորությունը և նրանց կյանքի պատմությունը — մասնավորապես։ Բայց երբ ավանդությունները մտցվում են և՛ կրոնական կյանքի մեջ, ռամիկը սրբազնացնում է նրանց և այդ ավանդությունները դառնում են հավատքի էական մասեր։

Այսպես խոսելով երկու քուրերը հանդարտ կերպով առաջ էին քայլում, մինչև հասան գյուղամիջում մի տեղ՝ որ բաժանվում էր երկու ճանապարհի։

— Ե՛կ այս փողոցով գնանք Սալլաթին, քույրս,— նրա ձեռքից բռնելով ասաց տիկին Սկուհին։

— Ի՞նչ առիթ ունինք այն կողմ գնալու,— հարցրուց տիկին Սալլաթինը։

— Այս ճանապարհը տանում է դեպ Հովասաբենց տունը. և