Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Այս էջը հաստատված է

— Չէ՛, չէ՛,— նրա ձեռքը բռնելով ասաց տիկին Սկուհին,— ես նրան կպահեմ իմ աչքի լույսի պես. Սալբին հրեշտակ է, թե՛ հոգով և թե՛ մարմնով։

Օրիորդ Սալբին, այդ մեծահոգի և հանդուգն բնավորությամր աղջիկը, եթե յուր երկրի սովորության համեմատ՝ դատապարտված չլիներ լռության, համբերության և ամոթխածության՝ անպատճառ կպատասխաներ — «բավակա՛ն է, ես չեմ կարող տանել այդպիսի անտեղի գովասանքներ». բայց նույն րոպեին նրա լեզուն կապ էր մի պյութագորյան չխոսնականությամբ. նա դժվարությամբ զսպեց յուր անհամբերությունը, մինչև բոլորը դեպի կտուրը տանող սանդուղքով — վեր բարձրացան։

Գուղի բոլոր տանիքների վրա տեսանելի էր կրակավառության արարողությունը[1]։ Թվում է, իբր բոլոր շրջակա գյուղորայք, տիրոջ բարկությունից՝ զարհուրելի հրդեհներով — անխնա այրվում, կրակվում և ծխրտում էին։ Ծաղկավանը հին Սոդոմ-Գոմորն էր հիշեցնում։ Թեպետ մութը պատել էր աշխարհը, բայց այստեղ, խարույկների բոցերը — գիշերը ցերեկի էին փոխում։ Կրակների գոռոցի հետ խառնվելով հրացան գործիքների որոտը, դեպ երկինք բարձրացող շառաչուկների ճարճատյունը, նրանց օձանման գալարվիլը, ճայթելը օդի մեջ — մյուս կողմից, մեծ-մեծ կուժերի միջից ածխախառն վառոդի, վուլկանյան լավայի նման — թնդալով ֆշֆշալով — արտահոսվիլը — այդ բոլոր հրարվեստական գործողությունները խորտակում,

  1. Արևելցիք տարվա նշանավոր փոփոխությանը մեջ, միշտ սովորություն ունեին իրանց ուրախությունը բացահայտել կրակով — սիրո միակ նշանով: Պարսիկները և թուրքերը ձմրան վերջին ամսին, ամեն մի չորեքշաբթի երեկո, մինչև Նովրուզի (գարնանամտի) առաջին օրը՝ կտուրների վրա խարույկ են վառում և հրացան գործիքներ արձակում: Հայերը հին տարվա վերջին գիշերը թեպետ կրակ չեն վառում, բայց մի ապերախտ անգոհունակությամբ, հրացաններով հալածում՝ փախցնում են հին տարին՝ առանց լսելու նրա բարեկամական «մնաք բարյավը»։— Ինչո՞ւ։ Նրանք ասում են՝ այն հին տարին չար տարի էր, իրանց համար լավ չանցավ, և ուրախությամբ ընդունում են նորը, լի հույսով, թե դա բերելու էր իրանց նոր բախտ։ Բայց հաջորդ դեկտեմբերի վերջին գիշերը, դրան ևս նույն դժգոհությամբ են արտաքսում, աքսորում, համարելով դրան ավելի վատթար, քան անցյալը...։ Բայց տարինե՞րն են մեղավոր, թե հայե՞րը: Նոր տարին հին տարուց մի այլ զանազանություն չունի բացի այն, որ տարեթվից փոխվում է մի թվանշան, և այդ թվաբանական թվանշանը ոչ մի բարի կամ չար ներգործություն չէ կարող անել աշխարհի և մարդկության վրա։ Ուրեմն հայե՛րն են ծույլ և տխմար։ Նրանք «չեն գործում և ո՛չ կարող են ուտել»։ Թող հայերը բարվոքեն իրանց ավերված դրությունը, ուղղեն իրանց կյանքի հիմար ընթացքը, և տարիները նրանց համար միշտ բախտավոր կլինեն, և կբերեն նորանոր երջանկություններ