Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Այս էջը հաստատված է

թնդեցնում էին երկինքը, դղրդեցնում էին շրջակա սարերը երկրի վրա՝ ահ և զարզանդ տարածելով։ Դրանց հետ միասին տոնասեր գյուղացիների ուրախալի աղաղակները, նրանց խառնաձայն տաղերգությունները, կրակի չորս կողմով կատարված նրանց հիմար պարն ու կաքավը՝ այդ բոլորը ի մի առած՝ ա՛յնքան ծիծաղելի էին, որքան մոլեկան և կատաղի։

Այդ հետաքրքրական տեսարանները ավելի կենդանացնում էր զուռնան, որ յուր զիլ և բարակ ճլվլուն ձայնով, յուր հավատարիմ ընկերների դափի, դհոլի և դահիրայի հետ — նվագվում էին տարվա նորափեսաների կտուրների վրա։

Այդ աղմկալի հանդիսակատարության մեջ միակ տհաճ և խռոված արարածները — մեծ-մեծ շներն ու փոքրիկ լակոտներն էին, որ զարհուրելով և սասանելով մի այդպիսի հանկարծակի դղրդումից, դուրս գալով գյուղից՝ թափառական — վազ էին տալիս դաշտերի մեջ — իրանց հաչելու տխուր և տրտում հեծկլտոցը խառնելով հասարակաց ուրախության հետ։

Հովասաբենց տունը, որպես մի հասարակ գյուղացու բնակարան, զուրկ էր շռայլ փառահեղությունից, այդ պատճառով տիկին Թարլանը չէր կարողացել ավելի մեծահանդես տոնել սուրբ տյառընդառաջը։ Այստեղ, մի ո՛չ այնչափ ընդարձակ կտուրի վրա, կրակավառության արարողությունը խիստ պարզ էր և աղքատին։ Վառելիքների փոքրիկ կրակաշեղջից բարձրանում էին վառվող նյութերի թույլ և կանաչագույն բոցերը. ինքը տիկին Թարլանը, անթրոցը ձեռքում, խառնում էր կրակը, ավելի զորություն տալով նրա բոցերին, և լուռ փսփսացնում էր աղոթքի նման մի բան։ Նրա խնամիներից տիկին Սկուհին օգնում էր նրան, խարույկի վրա վառելանյութ ավելացնելով, իսկ տիկին Սալլաթինը հեռուն կանգնած, խոսում էր օրիորդ Սալբիի հետ, անլսելի ձայնով։

— Տեսնո՞ւմ ես Սալբի,— ասաց տիկին Սալլաթինը մատով ցույց տալով,— մի ժամանակ, մեր քաջ Վարդանի և Վահանի օրերին, այդ մոխրաբլուրների[1] վրա, զրադաշտական ատրուշանների

  1. Ատրպատականը, հրապաշտության այդ օրորոցն ու գերեզմանը, մինչև այսօր պահպանում է հին ատրուշանների հիշատակարանները։ Նրա բոլոր նահանգների մեջ տեսանելի են մոխրից ձևացած ահագին բլուրներ. թեպետ շատերը, նրանցում գտնված անթիվ մեռելների ոսկորների պատճառով անհետացել են, գործածվելով արտերը պարարտացնելու համար, բայց այն նահանգում, ուր կատարվում է մեր վեպը, այդպիսի բլուրներ և հայոց գերեզմանատներ շատ կան, դրանցից մինը դեռ պահում է յուր նշանավոր անունը՝ Բութ-Ամին: