Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Այս էջը հաստատված է

անշիջանելի կրակներն էին վառվում, բայց մեր արժանահիշատակ նախնիքը, իրանց արյունով մարեցին այն կրակը, որ սպառնում էր լափլիզել, այրել և անհետացնել սուրբ քրիստոնեությունը։ Բայց այսօր, ի՜նչ ցավալի տեսարան է այդ... այսօր վառվում են նրանք ամեն մի քրիստոնյա կոչված հարստի և աղքատի, մեծաշեն ապարանքների, գծուծ խուղերի և խրճիթի կտուրների վրա...։

— Այդ նշանակում է,— պատասխանեց օրիորդ Սալբին ցած ձայնով.— կրակապաշտությունը, որ Զրադաշտի մոգերը չկարողացան ներմուծել հայոց մեջ, ներս բերին մեր հիմար տերտերները քրիստոնեական փաթոթով պարուրած...

Դրանց խոսակցությունը ընդհատեց տիկին Թարլանը, որ մոտենալով՝ բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը և մոտեցրեց կրակին․

— Դո՛ւ,— ասաց նա,— ամեն օր տրտնջում ես, թե գլուխդ ցավում է, սպասիր, ես կբժշկեմ քո գլխացավը։

Այնուհետև մոլեռանդ մայրը, մի քանի անորոշ և անհասկանալի բառեր և ոգիների անուններ արտասանելով, Սալբիի ծամերի հյուսերից մինը դուրս քաշելով քողի տակից՝ կամենում էր խանձել ունելիքով բռնած կրակով. օրիորդ Սալբին յուր վհուկ մոր կախարդական խորհուրդը հասկանալով դուրս քաշեց յուր ձեռքը նրա ձեռքի միջից, և արհամարհական կերպով մի կողմ քաշվեց, այս խոսքերը արտասանելով.

— Գիտե՞ս ինչ է գրված սուրբ գրքի մեջ,— ասաց նա,— «բոլոր կախարդների և կռապաշտների բաժինը՝ կրակով և ծծմբով վառած լճի մեջ պիտի լինի, որովհետև կախարդները պիղծ են աստծու առջև»։

Այդ խոսքերը մահու չափ ազդեցին տիկին Թարլանի սրտին, բայց յուր աղջկա պատիվը չկամենալով ոտքի տակ տալ յուր խնամիների առջև, մի այլ ժամանակի թողնելով յուր տհաճության թույնը՝ մեծ դժվարությամբ զսպեց յուր բարկությունը։

Բայց տիկին Սկուհին, այդ պարզամիտ կինը, ամենևին չհասկանալով յուր հարսնացուի և նրա մոր մեջ անցածը՝ նույն միջոցին հմայում էր մի այլ թիլիսմանական գործողություն։ Նա յուր մատներով մի բամբակյա թել էր ոլորում, որն երեքպատկելով՝ բռնում է յուր բերանի առջև (այդ ժամանակ նրա շրթունքները շարժվում էն, կարծես թե մի բան է կարդում)՝ և երեք անգամ փչում է նրա վրա, այնուհետև այրելով թեյի երկու ծայրերը, նորահարսի նարոտի նման, շապկի տակից երեք անգամ փաթաթում է յուր վզով, հուսալով, որ դրանով բժշկելու էր յուր եռօրյա տենդացավը։