Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Այս էջը հաստատված է

Ռուստամը բարկանալով:— Նրանք առանց ամաչելու գործում են ամեն անվայել բան, որ երբեք աստված չէր հրամայել, բայց ամաչում են հայտնի կացուցանել սուրբ սերը, որ աստուծո օրենքով օրհնված էր։

— Պարկեշտությունը, պատկառանքը և ամոթը մարդկային բնության ազնիվ և անուշահոտ ծաղկիներն են,— ասաց տիկին Սալլաթինը։

— Թո՛ղ տուր, թե աստվածդ կսիրես, մորաքույր, այդպես չեն քո գաղափարները, ես գիտեմ, դու կամենում ես բարկացնե՛լ ինձ։

Իսկապես տիկին Սալլաթինը հեգնաբար էր խոսում. այլապես նա սիրում էր ազատություն, այդ խորհրդական բառի մեր դարու հասկացողությամբ։

— Սա՛լբի, դու բարկացա՞ր, որ այդպես համարձակ խոսեցի. հա՞,— հարցրուց Ռուստամը։

— Դու չափազանց հանդո՛ւգն ես, Ռուստամ,— պատասխանեց Սալբին։

— Ի՞նչ արած... ահա տյառընդառաջը անցավ, և մի քանի օրից հետո կանցնի բարեկենդանն էլ...։ Մեծ պասին միշտ լոբի կեր ու երդիկին մտիկ տուր[1], մինչև այդ աստուծո պատիժը վերջանա... մինչև Համբարձումից հետո մեր պարոն տերտերները ասեն՝ թե կարելի է պսակ կատարել:

Այդ խոսքերը Ռուստամը արտասանեց այնքան տաքացած և կրքով, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին թուլացան ծիծաղից։

— Դու շա՛տ ես շտապում, Ռուստամ,— ասաց տիկին Սալլաթինը։

— Նա գուցե երկյուղ է կրում, որ ձեռքիցը խլեն,— հեգնեց օրիորդ Սալբին։

— Ինձ մի մեղադրեք, իմ նազելիներ,— առաջ տարավ Ռուստամը.— սերը մի դժվար բան է, դա ամենակատաղի կիրքն է մարդկային բնության մեջ... մի՛թե, Սալբի, միևնույնը չէ՞ զգում և՛ քո սիրտը... միթե դու էլ գիշեր ու ցերեկ չե՞ս մաշվում այդ մոլեկան դավով...։

Օրիորդ Սալբին գլխով «այո»-ի նշան արեց, որ չնշմարեց տիկին Սալլաթինը։

  1. Մեր գյուղացիները մեծ պասին երդիկներից մի բարակ թելով կախում են մի գլուխ սոխ, որի շուրջը ցցում են աքաղաղի թևերից հանած յոթն հատ փետուր։ Մեծ պասից ամեն մի շաբաթ անցնելու ժամանակ՝ փետուրներից մեկը դուրս են քաշում, մինչև վերջին շաբաթ ուրախությամբ դուրս են քաշում վերջին փետուրը։ Այսպես են նրանք պահում շաբաթների համարը։