Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Այս էջը հաստատված է

կոտրե չխմելով. ժողովուրդ օրհնելը նրա պաշտոնն է. չէ՞ որ օրհնությունը անհրաժեշտ պետք է կատարել գինու բաժակի վրա...: Բայց և այնպես, տեր Մարուքը յուր քահանայական պարտավորությունը վերջացրել, և հայերի ասության ոճով, այդ դրության մեջ «յուր էշը ցեխից հանել է»։ Բոլոր հարուստների կրակները օրհնած վերջացրած լինելով, մնում էին մի քանի աղքատ մարդիկ, դրանց համար լոկ մի խաչակնքումն էլ բավական էր, փոխանակ ա՜յնքան օրհնությունների և արարողությունների, որ կատարվում էին սուրբ կրակի շուրջը։

— Բարի ողջույն,— ասաց քահանան, մաշտոցը թևքի տակից դուրս հանելով.

— Օրհնյա տեր,— ձայն տվին ամեն կողմից, և մոտեցան համբուրելու նրա աջը։ Քահանան նրանց գլուխների վրա ձեռք դնելով ասում էր.

— Աստված օրհնեսցե, շատ ապրիք, շատ ապրիք, որդիք:

Տեր Մարուքը սկսեց օրհնել մոխիրը, մի քանի գլխից-պոչից կրճատած աղոթքներով, և կամենալով ավելի քաղաքավարություն գործադրել, մաշտոցը երկու ձեռքով վեր բարձրացրեց, իսկ տիրացուն հանդիպակած կողմից բուրվառը դեմ արեց — սկսեցին «անդաստան» (թափոր) անել, և մոխրի շուրջը պտույտ գալ: Բայց հանկարծ, չգիտեմ ինչ պատահեց, տեր Մարուքը, կարծես մի աներևույթ հարվածից, գետին գլորվեց, սկսեց թավալվել մոխիրների մեջ։ Գինարբության ախտը մինչ այն աստիճան սաստկացել էր այդ մարդու մեջ, մինչև պատճառել էր մոլարբեցության խելացնորություն։ Բայց տիկին Թարլանը, չհավատալով, որ տիրոջ սպասավորներին մի այդպիսի ցավ կարող է հանդիպել, դարձավ, և ասաց տիկին Սկուհուն.

— Գիտե՞ս, խնա՛մի, ինչ պատահեց տեքտերին։

— Ի՜նչ պատահեց,— զարհուրելով հարցրուց տիկին Սկուհին, որ հեռուն կանգնած, դողում էր երկյուղից։

— Հրեշտա՛կ տեսավ, իմ քույր,— պատասխանեց տիկին Թարլանը։

— Հապա, հրեշտակ տեսավ,— մյուս կողմից փաստաբանեց տիրացուն, իմ հայրը միշտ խոսում է ոգիների հետ։

Ո՛չ այս և ո՛չ այն — տեր Մարուքը նույն րոպեին սովորական կերպով հարբած էր։ Թեպետ տիկին Թարլանը, նրա չորս կողմով մի բոլորակ խաչ էր գծում կտուրի վրա, որ ոգիները թող տային նրան և քահանան զգաստանար, բայց գուցե ցրտի ներգործությամբ, մի