Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Այս էջը հաստատված է

ցրվելու լինիս այգիի ծառերի և որթերի տակ՝ կազատվին թրթուրից, վնասակար ճճիներից, կարկուտից և առատ արդյունք են բաշխում։ Այդ փոշուց ցանում են արտերի, առվույտների, հնձելու խոտի մեջ, որ մարախը չուտի, ժանգը չչորացնե, և ազատվին խորշակից և այլ պատուհասից։ Դրանից ցրվում են մի զույգ ամուսնակիցների անկողնի մեջ, երբ թշնամի վհուկների դյութելով նրանց մերձավորությունը արգելված է, երբ նրանք ամուր են և կամ նրանց զավակները ծնվելուց հետո շատ չեն ապրում։ Այդ բոլորից զարմանալի զորությամբ փրկում է, ազատում է...։ Մի այլ ժամանակ ես կպատմեմ ձեզ, թե այլևս քանի քանի զորություններ ունի այդ սուրը մոխիրը։

Քահանայի խոսքերը արդար յուղի նման հալվում էին տիկին Թարլանի ականջներում․ նա յուր մտքի մեջ զարմանում էր նրա անչափ իմաստության և այնքան բաներ գիտնալու վրա։ Տեր Մարուքի գործած այն անքաղաքավարությունը, նրա մոլությունների մասին ոչ մի տհաճություն չհարույց տիկին Թարլանի սրտի մեջ։ Բայց տիկին Թարլանը շատ ուրախ էր, որ տիկին Սալլաթինը և օրիորդ Սալբին այնտեղ չգտնվեցան և ականատես չեղան քահանայի անկարգությանը, որ իրանց համար կատակի և ծիծաղի առարկա շինեին։

Գիշերը տարաժամեցավ. բոլորը միասին կտուրից ցած իջան։

Մի ընդարձակ սենյակ, յուղային ճրագներով լուսավորված՝ համեստ կերպով զարդարած էր, մի ոչ հարուստ, այլ միջասահման գյուղացու կարողությունը ներածին չափ։

Սփռոցի վրա, սենյակի միջավայրում, դրված էին զանազան ուտելիքներ, և սրվակներով գինի։ Տեր Մարուքր նստում է յուր համար պատրաստված փափուկ օթոցի վրա, սեղանի պատվավոր գլխում։ Նրա տիրացու որդին, հոր հրամանով, նստում է հեռու, ներքև, սեղանի մյուս ծայրին։ Տիկին Թարլանը, որպես շափահաս կին, համարձակվում է նստել քահանայի մոտ, թեպետ ամաչում է ուտել, բայց տերտերին գինի է տալիս «անուշ֊խմեք» մատուցանելով սեղանի ազնիվ պատառներից։ Իսկ տիկին Սկուհին, հեռուն երեսը ծածկած միայնակ նստած է մի անկյունում։ Տիկին Թարլանը լեցնելով մի մեծ գավաթ կարմիր գինի մատուցանում է քահանային, ասելով.

— Համեցեք, տեր հայր, այդ գինին շատ անուշ է, համեցեք մեր այգիի խաղողներիցն է։

— Թող օրհնվի դրա այգին, միշտ թարմ և կանաչ մնան ողկուզենիքը,