Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Այս էջը հաստատված է

—ասաց տեր Մարուքը, ընդունելով գինին, և յուր ուրախալի հայացքը ձգելով գավաթի կարմիր մակերևույթի վրա, առաջ տարավ․— Թող օրհնյալ լինի մեծ նահապետի հիշատակը, նա այնքան բարեբանված չէ մարդկության երկրորդ նախահայր լինելու համար, որքան ավելի շնորհակալ պետք է լինել նրան, որ մարդկանց ուսույց գինի շինել. այս երկնային ազնիվ ըմպելիից ավել մեր Փրկիչը մի այլ արժանավոր բան չգտավ Կանայում յուր առաջին հրաշքը ցույց տալու համար. այլև հաստատեց յուր սուրբ արյունի փոխարեն...։— Այդ դատողությունից հետո տեր Մարուքը յուր ձեռքի գավաթը դեռ չխմած՝ մի երկար, անհամ և տաղտկալի օրհնություն սկսեց.

— Հավասարական կենդանությո՜ւն... Թարլան քույրիկ, շատ ապրիս, քեզ արքայություն․ տեր ամենակալը քեզ անթառամ պսակին, լուսեղեն պատմուճանին, վերին Երուսաղեմի երանությանց — արժանացնե. տեր Հիսուս այս օջախը միշտ շեն ու հաստատ պա հեսցե. այն մի հատիկ սիրուն աղջիկդ ծաղկեցնե և յուր սրտի բարի խորհրդի կատարումն տա։ Հիսուս միածին, տիկին Թարլանի հանգուցյալ ամուսին ողորմած ուստա Պետրոսի հոգին լուսավորեսցե: Սկուհի,— դեպ նրան դառնալով ասաց — շատ ապրիս։ Տեր աստված այդ ձեր առևտուրին — այսինքն խնամության — փոշիմանություն (ապաշավանք) չտա. բարով Ռուստամի կանաչ֊կարմիրը (նարոտը) կապես, կարմիր հարսդ տուն բերես, որդիքով, թոռներով ու ծոռներով ուրախանաս։ Տե՛ր, դո՛ւ երկրիս՝ խաղաղություն, թագավորաց՝ հաշտություն և մեր խեղճ հայ ազգին՝ սեր ու միաբանություն, և այս օրհնյալ ըմպելիքին՝ հաջող ճանապարհորդություն տուր։ Նադանի, աստված քեզ էլ մի բախտ տա, բարով սիրուն փեսա ունենաս:

Տեր Մարուքը, որպես օրենքն էր, մաքրազարդեց գավաթը։

— Անո՛ւշ, անո՛ւշ,— ձայն ավեց մյուս կողմից տիկին Թարլանը, նրան ուտելու մի բան մատուցանելով. նա էլ ընդունելով այդ և դեպ բերանը տանելով, ավելացրեց․

—Աստուծո բարին թող չպակսի ձեռքիցդ, շեն ու հաստատ մնաս։

Այսպես, գինու գավաթները սկսեցին դատարկվել, տիրացուն ես, իբր թե հորիցը ամաչելով, երեսը դեպ մի կողմ շուռ տալով գաղտնի մի քանի բաժակ կոնծել էր։ Երբ քահանայի գլուխը մի փոքր տաքացել էր. տիկին Թարլանը նրան հարցրուց.

— Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, ասացեք խնդրեմ, ի՞նչ գուշակեց այս տարի «սուրբ կրակը»։