Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Այս էջը հաստատված է

— Որքան ասես, շատ բարի բաներ,— պատասխանեց իմաստաբար տեր Մարուքը։— Միթե չնշմարեցի՞ք ժամատան բակում, թե ի՞նչպես բոցերը, աբելյան ողջակիզի նման՝ ուղղակի դեպ երկինքն էին ձգվում, և ո՜րքան փառահեղությամբ պայծառ լուսինը դուրս եկավ սարերի հետևից տյառընդառաջի տոնը օրհնելու և սուրբ հրավառությանը սպասավորելու, իսկ արևը մտնելու ժամանակ, որքան հիանալի տեսարան ձևացավ կապույտ երկնակամարի վրա. կարծես, բոլոր ամպերը զուտ ոսկի լինեին քրքումի գունով ներկված։ Ահա այդ բոլորը՝ բարեգուշակ նշաններ էին։

Այս խոսքերը, որ տեր Մարուքը արտասանեց մի փոքր բանաստեղծական ոճով, հարյուրավոր անգամ, նույն ոգևորությամբ պատմել էր հարցասեր կանանց։

— Այդ երևցած նշանների մասին, տե՛ր հայր, դուք «գրքին» նայեցի՞ք,— հարցրուց տիկին Թարլանը։

— Ինչպես չէ, այս տարի կլիման լինելու է առողջարար, ջուրը առատ, ցանքերը և այգիները պտղավետ, աժանություն երկրի, ու թագավորաց խաղաղություն,— պատասխանեց տեր Մարուքը։

— Կովերի և հավերի մասին մի բան գուշակո՞ւմ է սուրբ կրակը։

— Հա՛, ի՞նչպես չէ...— ավելի գլխով, քան լեզվով, պատասխանում է գուշակողը․—կովերը այս տարի առատ կաթ են տալու, որով այս տարի ունենալու եք շատ եղ ու պանիր։ Բայց չմոռանաք սուրբ մոխրից մի փոքր ցրվել գոմի մեջ...։ Հավերդ էլ արդյունալի կլին ձվերով ու ճուտերով, բայց չմոռանաք տեր Մարուքը վարձատրելու մի քանի տասնյակ նոր ձվերով, որով ես առիթ կունենայի «աղոթել» ճուտերը, և կապել քորքորայի (ցինի) բերանը, որ համարձակվի հափշտակել փոքրիկ վառյակները։

Տիկին Թարլանը ուրախացած այդ օգտավետ նախագուշակություններով, համբուրեց քահանայի աջը։

— Հա՛ այդպես... մեռնիմ բերնիդ,— ասաց նա.— ձուն մի ոչինչ բան է, իմ գլուխը, իմ տունը տեղը, բոլորը ձեզ փեշքաշ (ընծա) է, բավական է, որ ձեր սուրբ աղոթքը մեզ պահապան լինի և մեզ օրհնող լինեք, մենք ինչպես էլ լինի կապրենք և ստեղծողին փառք կտանք

— Հանաք եմ անում Թարլան բաջի,— խոսեց տերտերը ծիծաղելով,— ես ձեր ողջությունը կցանկանամ, որ միշտ շեն ու պայծառ լինիք։ Իհարկե, դուք որ կաք՝ մեր սյուրուն (հոտն) եք, իսկ մենք ձեր չոպանը, պետք է ձեր կաթից ուտենք, ձեր բուրդից հագնենք, որ