Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Այս էջը հաստատված է

ձեզ էլ գայլերի բերանից ազատենք, և խոտավետ արոտներում արածացնենք։

Տիրացուն, որ այդ ժամանակ ոտքի վրա կանգնած, մեքենաբար շարժում էր բուրվառը, և գլուխը դմբացնելով, խլինքը վեր քաշելով, ծոծրակը քորելով, բերանը մինչև ականջները բացած հորանջելով, մտավոր հափշտակության մեջ խորասուզված, ավելի գինու ազդեցությամբ քան թե մի այլ խորհրդով, այսպես խոսեց։

— Մեր սուրբ Էջմիածինը, մեր սուրբ Լուսավորիչը... մեր սուրբ մեռոնը... մեր... մեր... մեր...— այլևս նրա պղտորված երևակայությամբ չկարողացավ ժողովել խոսքերի հետքը։

Բայց տիկին Թարլանը կարդալով նրա միտքը, ավելացուց։

— Իհա՛րկե, առանց նրանց հայ-քրիստոնյայի վիճակը վայ կլիներ։ Մենք նրանցո՛վ ենք ապրում, և նրանք են, որ միշտ բարեխոս են աստուծո աթոռի մոտ — քրիստոնյա ազգի համար...։

Տեր Մարուքի ստամոքսը արդեն լցվել, նախկին աստիճանի էր հասել։ Նա վեր կացավ, և գլորվելով կամենում էր հեռանալ, բայց մի նոր միտք արգելեց նրան։

— Գիտե՞ք, առավոտյան պատարագ պիտի լինի. և ես պատարագիչն եմ,— ասաց նա։

Տիկին Թարլանը հասկացավ, թե ի՞նչ էր կամենում քահանան ասել. մոտ գնաց, թաքուն դրեց քահանայի ափի մեջ մի հատ արծաթի դրամ որպես «հիշոց», որ նա յուր մեղքերի համար բարեխոս լիներ տիրոջ սեղանի վրա։

Մոգպետը հեռացավ։

Օրիորդ Սալբիի առանձնասենյակում, Սալբին, Ռուստամը և տիկին Սալլաթինը տաքացած խոսում էին, երբ ներս մտավ օրիորդ Նազանին և հայտնեց թե տիկին Սալլաթինին կանչում են։ Տիկին Աշխարունին, այսպես էր նրա ազգանունը, վեր կացավ, որ գնա։

— Սիրելի մորաքույր,— ասաց Ռուստամը,— խոսիր օրիորդ Սալբիի մոր հետ, որ քանի պասը չէ եկել՝ բարեկենդանին հարսանիքը վերջացնեն։

— Ես այս գիշեր հատկապես այդ նպատակով մնալու եմ տիկին Թարլանի մոտ — գուցե համոզեմ նրան, որ ավել չուշացնե.— պատասխանեց տիկին Աշխարունին։

— Ինչո՞ւ եք այդպես շուտ գնում,— հարցրուց օրիորդ Սալբին։

— Ձեր երկուսի մեջ անպատշաճ է լինել ֆահրատի չալին. մնացեք Ռուստամի հետ միայնակ, գոնյա մի քանի րոպե սիրախոսելու,— պատասխանեց տիկին Սալլաթինը։