Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/178

Այս էջը հաստատված է
ԺԴ
ՀԱԿԱՌԱԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Աստուծո լույսը բացվեց։

Տիկին Թարլանը յուր խնամի հյուրերի հետ զարթեցան քնից: Օրիորդ Նազանին ջուր ածեց, նրանք լվացվեցան։ Տիկին Թարլանը և տիկին Սկուհին մի կողմից իրանց երեսները չորացնելով՝ մի կողմից իրենց գլխի շորերը ուղղելով, այդ անհանգիստ դրության մեջ, մյուս կողմից էլ կարդում էին իրանց առավոտյան աղոթքները «Հայր մեր» և «Տեր ողորմյա ասելով», իսկ տիկին Սալլաթինը սենյակի մի անկյունը առանձնացած՝ չոքած՝ լուռ և անլսելի ձայնով էր աղոթում։

Գիշերվա հրացանների որոտմունքը, զուռնայի ճլվլոցը, գյուղացիների խառնաձայն աղաղակները դեռ անախորժ արձագանք էին տալիս նրանց լսելիքների մեջ։

Աղոթքից հետո, բոլորը նստեցին գորգերի վրա փռված սփռոցի շուրջը: Օրիորդ Նազանին թեյ էր պատրաստում։ Նախաճաշիկի համար դրված էր կաթ, սեր, կարագ, յուղով թխած հացեր և այլ ուտելիքներ։ Տիկին Թարլանը թեյը մեղրով էր խմում, ո՛չ թե տնտեսական խնայողության համար, այլ մեղք էր համարում յուր հոգուն շաքար գործածելը՝ կարծելով, թե նրա մեջ պիղծ անասունների ոսկրանյութ էր գտնվում։

Տիկին Սալլաթինը զարմացավ, թե ինչու օրիորդ Սալբին չհայտնվեց թեյի. քնից զարթնելով այդ առավոտ չէր տեսել նրան:

— Խնամի, հրամայեցեք կանչեն օրիորդ Սալբիին, որ մեզ հետ միասին թեյ խմե,— ասաց նա տիկին Թարլանին:

— Դուք վաղուց իմ բնավորության հետ ծանոթ լինելով, գիտեք, որ ես ատելով ատում եմ ամեն տեսակի կանացի համարձակություն. մանուկ աղջիկների ամոթն և նրանց համեստ և հեզ բարք ու վարքը՝ սուրբ են ինձ համար, ես չեմ կարող թույլ տալ, որ Սալբին անպատկառ կերպով նստե իրանից հասակավոր կանանց և բաժակ բաժակի չրըխկացնե:

Ամաչելու կամ պատշաճի համար չէր, որ օրիորդ Սալբին չերևեց յուր լինելի սկեսուրի և բարեկամ տիկին Սալլաթինի մոտ. այդ ի բնե հանդուգն, կամակոր և ազատամիտ աղջիկը երբեք չէր խոնարհվում յուր երկրի անպիտան և անխորհուրդ սովորություններին։ Խելացի օրիորդի չերևլու պատճառը՝ յուր մորից ամենասաստիկ