Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը հաստատված է

Րաֆֆին արդեն իսկ բացահայտում է քնարերգության, առհասարակ գրականության խնդիրը, ռուս և հայ լուսավորիչների ու գրողների նման, տեսնելով այդ խնդիրը հասարակական գիտակցության արթնացման մեջ։ Պոեզիան, ըստ Րաֆֆու, կոչված է ազդել կյանքի վրա, մարդկանց աչքերը բաց անել, ինքնագիտակցություն տալ նրանց.

Երգե՛ դու պոետ, երգե՛ երգ անուշ,
Հնչեցո՛ւր քնարիդ լարերն ուժգին,
Եվ ոգևորված քո տաղեր քնքուշ
Գուցե զարթնեցնեն հայի քնած հոգին...[1]։


Հասարակական բարձր բովանդակության իր մոտիվներով Րաֆֆին ստեղծում էր նպատակասլաց, քաղաքացիական պաթոսի քնարերգություն։ Հիշենք նաև ազգային անկախության գաղափարին նվիրված «Ձա՛յն տուր, ով ծովակ» հայտնի ոտանավորը։

Պոեզիան Րաֆֆին ուղղում է իրականության արատավոր երևույթները ծաղրի ենթարկելու նպատակին։ Գրականությունը իրականության քննադատության և բացասման զենք է — ուսուցանել է Րաֆֆին իր ընթերցողներին․ «գուցե ոմանք կդատապարտեն մեր բացասական ուղղությունը,— գրում է նա «Փունջի» առաջաբանում,— չնկատելով որևիցե ուրախալի երևույթ մեր ներկայացրած պատկերների մեջ։ Բայց թող մեր անձնախաբեությունը չմոլորեցնի մեզ — մենք ուրախալի ոչինչ չունենք»[2]։ Եվ թեև գրողն ինքը ևս խստորեն քննադատել է իր «հանգավոր տողերի չոր ու ցամաք և անտաշ լինելը», բայց հանդգնել է նրանց լույս ընծայել հանուն գաղափարական պայքարի, գիտակցելով, միաժամանակ, որ նման պայքարում «միշտ պատերազմողների առաջին շարքը ընկնում են։ Եթե մի օր հայոց հողի վերա կծնվեին գյոթեներ, շիլլերներ, շեքսպիրներ, թող նոքա մեզ նման անձնավստահների ավերակների վերա բարձրացնեն յուրյանց գեղեցիկ և հսկայական շինվածքը[3]»։

Հարազատ լինել «ժողովրդի սրտին և հոգուն», «կախարդական հայելվո նման պատկերացնել» վեպի և երգի մեջ նրա կյանքը, ցույց տալ «գեղեցիկն և այլանդակը»— ա՛յս է քարոզում տեսաբան Րաֆֆին։

Չափազանց հետաքրքրական է Րաֆֆու տեսությունը վեպի մասին։ «Հյուսիսափայլի», առավելապես Մ. Նալբանդյանի էսթետիկական հայացքների ազդեցությամբ, հետևելով նրան, Րաֆֆին գտնում է, որ «ազգային վիպասանությունը» կոչված է վերարտադրել կյանքի նյութը և վեպերի միջոցով նպաստել ազգային իրականության վերափոխմանը։ «Ռոմանները (վեպերը—Ս.Հ.)— գրում է Րաֆֆին,— ազգերի գրականության մեջ կատարում են ամենակարևոր պաշտոն- Ռոմանները, որպես ազգերի բարոյական և իմացական կյանքի պատմագրությունք․ ավանդում են նոցա բարք ու վարքի, նոցա սովորությունների, կենցաղի պատկերքը գալոց սերնդին։ Ռոմանները են այն կախարդական հայելիքը, որոնց մեջ, ազգերը տեսնելով յուրյանց կյանքի տգեղ և ավերված պատկերքը, յուրյանց մոլությունների

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 94, Երևան, Հայպետհրատ, 1957 թ.:
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, էջ 67, Երևան, Հայպեա- հրատ, 1958 թ.։
  3. Նույն տեղը: