Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Այս էջը հաստատված է

անունն է, կամենալով թողություն խնդրել մորից, բայց աստված չէ լսում նրա ձայնը։

— Եթե դո՛ւ, քույրիկ, հոպոպի գլխի վրա եղած հովհարանման փետուրների պատճառով ապացուցանում ես, թե նա անիծված աղջիկն է,— նրա խոսքը ընդհատեց տիկին Սալլաթինը,— ուրեմն այս օրերին ռամիկների կարծիքը, թե կիվ-կիվը (մի թռչուն) յուր գլխի պոպոզի պատճառով համարվում է անիծված վարդապետը՝ զուրկ չէ ճշմարտությունից։

— Հա՛, ա՛յդ էլ սուտ չէ, — պատասխանեց տիկին Սկուհին հաստատ հավատքով,— կիվ-կիվը առաջ մի վարդապետ է եղել, մինչև այսօր տեսնվում է նրա գլխի վրա վարդապետական սև վեղարը։

Օրիորդ Սալբին չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

Ժամացույցի զանգակը ընդհատեց նրանց խոսքերը։ Տիկին Սալլաթինը բարեկամաբար սեղմելով օրիորդ Սալբիի ձեռքը, կամաց շշնջաց նրա ականջին.

— Չմոռանա՛ս սկեսուրիդ խոսքերը...:

Երկու քույրերը դուրս գնացին Հովասաբենց տնից:

Մոտենալով Աշխարունիի դռանը, տիկին Սալլաթինը բռնեց յուր քրոջ ձեռքը.

— Մտիր մեր տուն մի քանի րոպեով,— ասաց նա,— Արամին էլ կտեսնես։

— Չէ, ուշ է, մեր տանը ինձ սպասում են,— պատասխանեց տիկին Սկուհին հրաժարվելով։

— Ի՞նչ վնաս ունի, եթե մի քանի րոպե ուշանաս։

Մտնելով պարոն Արամ Աշխարունիի (տիկին Սալլաթինի ամուսնու) դռնից, նրանք անցան մի ընդարձակ բակի միջով և քարե սանդուղքներով բարձրանալով, ներս մտան մի ոչ այնչափ մեծ սենյակ, որ ավելի նմանում էր մի մատենադարանի: Եվրոպական հագուստով մի վայելչակազմ երիտասարդ, նստած ընդարձակ գրասեղանի հանդեպ՝ գրում էր։ Տեսնելով տիկինները, նա ոտքի ելավ և ուրախությամբ բարևելով ասաց կատակով.

— Բարով, տիկին մոգուհիներ, շնորհավոր լինի ձեր հրավառությունը։

Երկու քույրերի երեսները շառագունեցան, նրանք չպատասխանեցին այդ հեգնական խոսքին։

— Խոսեցի՞ք հարսանիքի մասին, — խոսքը փոխելով՝ հարցրուց պարոն Արամը։