Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Այս էջը հաստատված է

եղբայրներն եք. ձեր մեջ իմու-քոյություն պիտի չլինի, ձեր դռները միմյանց առջև բաց պիտի լինի և ձեր սեղանը` միշտ սփռված։ Գիտեք, որքան մեծ բարեգործություն է հաց տալն և քաղցած փորերն կշտացնելը...։ Ա՜խ, հա՛ցը, հա՛ցը, մանավանդ գինին... դրանց սուրբ շնորհներին մատաղ-հատուկ արքայության բանալիներն են. ա՛յդ է պատճա՛ռը, որ տերն մեր Հիսուս Քրիստոս յուր մարմնի և արյան փոխարեն դրեց այդ երկու նյութերը, իսկ ահեղ դատաստանի օրը, մեղավորներին այս հանդիմանություններն է տալիս—«քաղցած էի — հաց չտվիք, ծարավ էի — ջուր չխմացրիք», բայց այդ վերջին բառի փոխարեն` լավ կլիներ եթե ասեր — «ծարավ էի — գինի չտվիք», գինի եղած տեղը մարդ ջուր չի խմի, այդպես չէ՞, — հարցրուց նա կատականոք տեր Մարկոսից։

— Հա՛, այդ զուտ ճշմարտություն է,— պատասխանեց տեր Մարկոսը հեղինակավոր ձայնով։— Մի՞թե չես կարդացել «գինի ուրախ առնե, յուղ զվարթ, հաց հաստատե զսիրտ մարդո»։

— Բայց ձեզ մի բան ասեմ, տեր հայր,— շարունակեց տեր Մարուքը.— թեպետ մեր սուրբ հայրերը հաստատում են թե Ադամը թուզ ուտելու համար դրախտից արտաքսվեց` բայց իմ կարծիքը այդ մասին — տարբեր է, ես հավատում եմ, որ Ադամը ցորյան կերավ, որպես և վկայում են պարսիկները իրանց հանդիսների մեջ:

— Ինչ խորհուրդ ունի այդ։

— Այն, որ ցորյանի պտուղով դրախտից դուրս ընկանք և ցորյանի պտուղով պիտի ներս մտնենք, քանի որ Քրիստոս դրավ յուր մարմնի փոխարեն։

— Տերտեր ջան,— նրանց խոսքը ընդհատեց եկեղեցու երեցփոխանը.— իրավ, դուք իմ սրտիցն եք խոսում, ճշմարիտ որ հաց բաշխելու նման մի այլ բարեգործություն չկա, դրա համար է, որ հայր Աբրահամի նման, ինչ օր հյուր չունենամ` ճտովս հաց ներս չի գնա: Ամեն կողմից պատահական վարդապետ, վանքական ժողովարար, օտարական քահանա, կամ ով որ մի փոքր սևը սպիտակից որոշել գիտե` ճանաչելով երեցփոխի տունը, գալիս են, շաբաթներով, ամիսներով մնում են ինձ մոտ, ինձ գործից հանում, իրանց գործը վերջացնում և ապա մեկնում են` իրանց սուրբ օրհնությունը ինձ վարձք թողնելով։

— Բայց, պարոն երեցփոխ,— հեգնական ոճով խոսեց տեր Մարկոսը.— մինակ հացը բավական չէ՛, այդպիսի հանգամանքներում մի մոռացեք մի քանի դահեկան նրանց ափը կոխել։

— Ճշմարիտ է, եկեղեցականին տվածը չի կորչի ավելացրուց տեր Մարուքը։