Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Այս էջը հաստատված է

լուսամուտների առաջ դրված էին մեծ և փոքր ամաններով ծաղիկներ և մշտականաչ կիտրոնի և նարնջի ծառեր։ Այդ կախարդական սենյակի մեջ, որ ձմեռվա սաստիկ ցրտերին պահում էր ծաղկյալ գարունքը, Սոլոմոն-բեկը, յուր ամենօրյա սովորության համեմատ՝ միայնակ նստած աթոռի վրա, բարձր ալեանդրի ծառի տակ, որի ոստերից քարշ ընկած վանդակների մեջ երգում էին երկու դեղձանիկ՝ ծխում էր ղելյան և խմում ղահվե։ Նրա առջև դռան մոտ կանգնել էր սպասավորը՝ թանկագին հագուստներով:

Սոլոմոն-բեկը, արծաթի ժանգի մեջ մաշված մի տղամարդ էր, բարակ և երկայն երեսով, գունատ՝ առանց կարմրության նշույլի, սառն դեմքով՝ որպես մարմարիոն: — Նրա մի զույգ խաժ աչքերը շիջած և որպես երկու սարդ՝ անխորհուրդ նայում էին իրանց խորքից։ Նրա ա՛յնքան փափուկ և այնքան նվազած փոքրիկ գլխի վրայի շեկ մազերը ցույց էին տալիս մի հիվանդոտ կազմվածք։ Եվ, արդարև, նրա ծուլորեն շարժվածքը, նրա հիմար և անոգի դեմքը՝ արտահայտում էին մի թույլ և կիսամեռ բնավորություն. յուր թույլ խելքով ու մտքով։

Ռեսը գլուխ տալով կանգնեց ծառայի մոտ: Սոլոմոն-բեկը ծխում էր, երբեմնապես ղահվեի սև հեղուկը կուլ տալով․ խորին մտածության մեջ խորասուզված՝ նա Ռեսի վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում, կամ, որ ավելի հավանական է, յուր ծառայի առջև նրան չէր կամենում յուր ուշադրության արժանացնել: Իսկ երբ ծառան ղեյլանը դուրս տարավ, նորահաս Ավազակյանցը բռնազբոսիկ ժպիտը երեսին դարձավ դեպի Ռեսը․

— Բարո՛վ։ Ի՞նչ արեցիք,— հարցրուց նա:

Ռեսը խոնարհությամբ գլուխ տվեց։

— Մոտ եկեք։ Նստե՛ցեք,— հրամայեց Ավազակյանցը:

Ռեսը կեղծավորաբար հրաժարվեց, թե չէր կարող ընդունել մի այդպիսի համարձակություն։

—Ո՛չ, դուք կարող եք նստել․ ես այսուհետև ձեզ համարելու եմ ո՛չ թե իմ ծառա, այլ հավատարիմ բարեկամ և հնարագետ խորհրդակից։

Ո՛չ մի անգամ Ռեսը նրա բերանից Դուք բառը չէր լսել և ոչ մի անգամ նա շնորհ չէր գտել բարձր տեղ ունենալու նորահաս և փառասեր իշխանազնի մոտ։ Այդ մեծարանքները նրան իսպառ խելքից հանեցին, ո՛չ սոսկ իշխանազնի մոտ գտած պատվախնդրության՝ այլ ավելի նրա համար, որ նրա բարեսրտությունը և գութը գրավելով, նա կարող էր այնուհետև համարձակ տիրել նրա սրտին,