Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Այս էջը հաստատված է

ազատաբար ներգործել նրա մտածության և ընտրողության վրա, և այսպիսով, դյուրությամբ դուրս կորզել նրանից որքան կարելի է շատ արծաթ, որ խաբեբայի միայն նպատակը, նրա հոգին և մարմինն էր:

Ռեսը նստեց աթոռի վրա. Ավազակյանցի աթոռից մի փոքր հեռու:

— Ի՞նչ արեցիք,— հարցրուց Սոլոմոն-բեկը կրկին անգամ:

Ռեսը պատմեց առաջնորդի գործակալի հետ ունեցած յուր ամբողջ խոսակցությունը, նրա խոստումը պսակը արգելելու, որը ոչ, միայն երեք օր, այլ մինչև երեք ամիս կարող էր հեռու պահել Հովասաբենց Սալբին Ռուստամի հետ պսակվելուց:

— Շատ բարի, գործի առաջին հաջողությունը օգտավետ վախճան է գուշակում,— ասաց Սոլոմոն-բեկը ուրախությամբ:

— Աղա, եթե դուք ամեն ինչ տրամադրեք իմ կամեցողության և հաստատամտորեն ապավինիք իմ աշխատության` դուք ձեր նպատակին շու՛տ կհասնեք,— ասաց հանդարտությամբ Ռեսը։

— Դուք գիտե՛ք, որ այդ գաղտնիքը, ես բացի ձեզանից ոչ ոքի չեմ հավատացել, և միանգամայն հանձնել եմ ձեր հմտության:

— Շատ լավ. ես ևս բոլոր սրտով պատրաստ եմ ծառայել իմ տիրոջ կամքին,— պատասխանեց խոնարհությամբ Ռեսը.— միայն թե նախապես դուք շնորհեցեք ինձ ձեր ուշադրությունը` մի քանի ամենահարկավոր խրատներ լսելու:

— Ասացե՛ք,— համաձայնեց Սոլոմոն-բեկը

— Մենք պիտի մեր ձեռքում եղած այդ երեք ամիսը աժան ծախենք. մեր ամենագլխավոր աշխատությունը պիտի լինի այդ երեք ամսվա ընթացքում ձեր մտադրյալ նպատակը ձեռք բերել, իսկ այդ նպատակը որսալու համար, մի քանի անհրաժեշտ հնարներ պետք է գործածել: Նախքան հնարների հետ ձեզ ծանոթացնելը, ես, աղա, հարցնում եմ ձեզ, ի՞նչ է ձեր կարծիքը կեղծավորության մասին։

— Կեղծավորությունը մեղք է,— կարճ պատասխանեց Ավազակյանցը։

— Ընդհակառակն, մի բարի մտադրություն իրագործելու, մի անվնաս խորհուրդ առաջ տանելու և մի անմեղ նպատակ ձեռք բերելու համար, հարկ եղած միջոցին կեղծավորություն, խաբեբայություն և տեսակ-տեսակ ստություններ գործադրելը ո՛չ մեղք է, ո՛չ էլ մարդու պատիվն է ապականում:— Այժմ լսեցեք, սրանք են իմ խրատները, կամ առաջին դասը, որ տալիս եմ ձեզ. որպես