Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Այս էջը հաստատված է

իմ աշակերտիս։ Հովասաբենց Սալբի — որին դուք այնպես ախտաբորբոք սիրում եք — ձեր կինը լինելու և նրան յուր հանդերձյալ ամուսնացվի ճանկերից հափշտակելու համար, ձեր ամենամեծ ջանքը, պիտի լինի մոտենալ օրիորդ Սալբիին և նրա հետ սեր գցել (սիրաբանել)։ Այդ հնարավոր անելու համար, նախ պետք է բարեկամանալ այն անձերի հետ, որոնց հոգաբարձության ներքո է գտնվում օրիորդը, այսինքն՝ պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի հետ։ Այդ պարոնների հետ բարեկամանալը ավելի հեշտությամբ կկատարվի, եթե դուք բարեհաճեք մտնել նրանց կաշվի մեջ կամ ընդունել նրանց կերպարանքը, այսինքն՝ հարկավոր կեղծավորությունը գործ դնելով՝ նմանեք նրանց ընդունելով այն վարդապետությունը, որ նրանք ուսուցանում են, և հավանություն ցույց տալով նրանց բոլոր գաղափարներին, ձեր անելիքը հետևյալը կլինի, դուք կսկսեք Աստվածաշունչ կարդալ, կյուրակե օրերը կերթաք նրանց աղոթքի ժողովարանը, երբեմնապես այցելություն կանեք նրանց աղջկանց և տղայոց վարժարաններին, մի քանի անգամ փող կբաշխեք այնտեղ սովորող որբերին, այդ վարժապետների հետ խոսակցության ժամանակ, դուք նրանց գլուխների կուռցնեք ունայն հույսերի քամիներով, խոստումներ անելով ամեն կերպ օգնել դպրոցին և նրանց գործի օրըստօրե հաջադիմության համար։ Ձեր քույրը կուղարկեք տիկին Սալլաթինի մոտ ուսանելու, այդտեղ է և օրիորդ Սալբին․ իհարկե ձեր քույրը կբարեկամանա յուր ընկերուհու հետ և նրա լեզվով դուք կսկսեք խոսել օրիորդ Սալբիի հետ: Այժմ, կարծեմ, բավական բացահայտ են ձեզ իմ ծրագրները։ Դուք այդ բոլորը կատարելուց հետո, ես էլ իմ պառավ քույրը կսողեցնեմ աղջկանց վարժարանը որպես կամավոր և անթոշակ աղախին: Իմ քույրը ավելի խորամանկ է, քան այն օձը, որ խաբեց առաջին կինը դրախտում, և դուրս բերեց այնտեղից։ Եվ այդ կերպով, դուք՝ ձե՛ր քրոջ միջոցով, ես՝ իմ քրոջ, կսկսենք ներգործել օրիորդ Սալբիի մտքի վրա։ Այս թող լինի մեր առաջին փորձը։ Նրանց խոսակցությունը ընդհատեց ծառան, որ ներս մտավ ղեյլանը ձեռին:

ԺԶ

ԲՈԻՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ո՞վ չէ սիրում բուն բարեկենդանը: Ո՞վ չէ ուրախանում այդ օրը։ Այդ օրն հետին անճար աղքատն անգամ, յուր ամբողջ չքավորությամբ՝ կարողանում է մի չնչին արծաթ գոյացնել, որով գնում