Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Այս էջը հաստատված է

Հետևակ բազմությունը բաղկանում է հետաքրքիր երեխաներից և դատարկապորտ մարդկանցից, որ միմյանց հրելով, աղաղակելով ման են գալիս փողոցից փողոց, և ամեն մի դռան առաջ կանգ առնելով գոչում են—«սուլսա՜թ, սուլսա՜թ» — այսինքն պաշա՛ր, պաշա՛ր։

Տանտերը դուրս է գալիա։ Մի լեզվանի արտլի (շաթր) պատգամախոսում է.—«Ահմատ-խանը — որին աստված երկար կյանք, փառք և պատիվ տա, որի թուրը աստված միշտ կտրուկ անե, և յուր թշնամիների վրա հաղթություն տա — Ահմատ-խանը, մեր ամենակարող իշխանը, մեր գլխի տերը՝ յուր թշնամիների հետ նոր պատերազմ ունենալու համար, դուք, ամենախոնարհ հպատակներդ պետք է սուլսաթ տաք նրա քաջ, պատերազմող զորքերին, որ այժմ հացի կարոտ են։ Եթե մի անբախտ մարդ համարձակվի այդ բարձրագույն հրամանին դեմ կենալ — նա յուր գլխի տերը չէ»։

Ամեն տանից դուրս են բերում գինի, արաղ, եղ, բրինձ, ձու, տալիս են այդ մարդկանց, որ դրանք հավաքում են իրանց պարկերի մեջ և հայցելով խանի հզոր ձեռքի հովանավորությունը՝ երկարակեցություն են մաղթում նրան։ Բայց խանը չէ կամենում հեռանալ, շաթիրը նրա կողմից ձայն է տալիս, թե խանը պահանջում է դիշքիրասի, այսինքն՝ նրանց հացը ուտելու համար—ատամների վարձ, տալիս են մի քանի աբասի փող ևս։

Այսպես, գյուղի բոլոր տներից առատ պաշար հավաքելով գնում են գյուղից դուրս, մի առանձնացած տեղ և բոլոր ընկերներով, մինչև կես գիշեր սկսում են կերուխում անել և ուրախանալ։

Մենք ավելորդ ենք համարում նկարագրել բարկենդանի այն բազմաթիվ խեղկատակները, որ անճոռնի հագնված և ծիծաղաշարժ ձևերով, ավանակների վրա նստած՝ այդ օր շուռ են գալիս փողոցե փողոց։

Արևը գնալով մոտենում էր յուր մուտքին: Ժամատան կոչնակները ժողովուրդը եկեղեցի էին հրավիրում։ Բա՛յց, այդ օր ո՞վ է կոչնակի ձայն լսողը, կամ ժամ ու աղոթք միտ բերողը, բոլոր հարբած՝ քեֆի մեջ են։ Ժամ էին եկել ժամհարը, և տարիքներով բեռնավորված, ամեն բանից զրկված մի քանի ալևորներ պառավների հետ։ Ժամհարը երկար սպասելով, երբ տեսավ թե տերտերներն ևս չեկան, անճարացած ինքն է օրհնում ժամը. «Հայր մեր» ասաց, կանգնեց քահանայի տեղը, մի քանի ծունր դրեց, երեսն խաչակնքեց, պառավներն ու ծերունիները նրա օրինակին հետևեցին և ժամը վերջացավ։