Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Այս էջը հաստատված է

Նրանք շարունակեցին որոնել, բայց ո՛չ ձիարշավների, ո՛չ բռնցքամարտերի և ո՛չ էլ ըմբիշների մեջ չկարողանալով նրան գտնել, հուսահատված գյուղ դարձան։ Նրանց հանդիպեց ժամհարը, որ թոնթորալով գնում էր.

— «Այս գիշեր միակ օգուտը, որ հասնելու էր ինձ, որպես ժամհար, մի պսակից, ա՛յն ևս անիրավները արգելեցին»,— ասաց նա յուր վերջին գանգատը։

— Ի՞նչ պսակ,— հարցրուց նրան պարոն Մելիքզադեն։

— Հովասաբենց Սալբիին, տեր-Առաքելենց Ռուստամի հետ,— պատասխանեց ժամհարը։

— Ո՞վ արգելեց։

— Նա՛, որի ձեռքումն է կապելու և արձակելու օրենքը,— պատասխանեց ժամհարը խորհրդական եղանակով:

Նրանք թողին ժամհարի հետ ավելորդ հարցուփորձը, և շտապեցին տեր-Առաքելենց տունը։

Առանց երկար ծանոթ լինելու Ռուստամի հետ, մի հարցասեր մարդ մտնելով նրա անձնական սենյակը և նկատելով նրա միջի կահ-կարասիքը, որ լիովին հատկանիշ էր նրա բնավորության, կարող էր ստույգ գաղափար կազմել նրա անձնավորության մասին:

Ռուստամի առանձնարանը շինված է պարսկական ճաշակով և թույլ լուսավորված երեք պատուհաններով։ Ներս մտածին պես, տեսողություն հրապուրող առաջին առարկան հանդիպակաց պատի երեսից հպարտ քարշ ընկած եվրոպական երկփողանի հրացանն է: Մի այլ հրացան, Ղրիմի գործ, և մի քանի զույգ ատրճանակներ — կարգով դրված են նրա մոտ։ Սենյակի պատի մյուս ճակատից արծաթ գոտուց կախված է ահագին Խորասանի թուրը լեզգու երկսայրի խանչալի հետ, և զանազան ձևերով վառոդի և գնդակների ամաններ։ Դրանցից ոչ այնքան հեռու, մի անկյունում հանդարտ թեք են ընկած երկայն եղեգնափայտյա նիզակը, նրա մոտ թափանցիկ կաշուց շինած լայնեզր վահանը, պատերազմական կացնի հետ: Մյուս անկյան մեջ, դռան մոտ տեղավորված են ձիու թամբը, սանձը և այլ պիտույքները իրանց պարագաներով։ Սենյակի պատերի վրա — որ հատուկ է բոլոր ասիական տներին — կան զուգահեռաբար բաժանված դարաններ, որ լի են տիրոջ ճաշակը ցույց տվող այնպիսի առարկաներով, որոնց զարդն են կազմում Ռուստամի ընթերցման ամենասիրելի գրքերի հատորները — Հոմերոսի Եղիականը, Ոդիսականը, Մովսես Խորենացի, Եղիշե, Հռովմայեցվոց և Հունաց