Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Այս էջը հաստատված է

կանխապես նկարում է և դնում իր ժամանակի հասարակության առջև: Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան։ Ժամանակները նրա ձեռքումն են»[1]

***

Լուսավորականության շրջանն անցնում է, անցնում են 1860-ական թվականները։ Գալիս են 1870-ական թվականները, սկսվում է կապիտալիզմի վերելքը:

Ճորտատիրական իրավունքը Վրաստանում և առհասարակ Անդրկովկասում ընկավ մի քանի տարով ավելի ուշ, քան նույնիսկ Ռուսաստանում։ Այդ «անկումը» Անդրկովկասում կատարվում էր ավելի բիրտ ձևերով․ գյուղացիությունն անվերջ ընդհարումների մեջ էր ցարական իշխանության ներկայացուցիչների և կալվածատերերի հետ։ Սակայն և այնպես, կապիտալիզմի զարգացումը փաստ էր նաև Կովկասում և Անդրկովկասում։ 1870-ական թվականների սկզբից զարկ ստացան կապիտալիստական արդյունաբերության օջախները։ Երևացին գործարաններ ու ֆաբրիկաներ Բաքվում, Թիֆլիսում և այլուր։ 1872 թվականին գործարկվեց աոաջին երկաթգիծը Թիֆլիս—Փոթի։ Երկիրը, նրա տարբեր շրջանները առնվում էին նոր խճուղիների մեջ։ Ռուսական, եվրոպական, տեղական առևտրականները, արդյունաբերողները իրենց համար լայն շուկա են ստեղծում։ Կապիտալիզմի զարգացումը սոցիալական ուժեղ շերտավորման էր ենթարկում գյուղացիությանը, քանդում էր բնատնտեսության հիմքերը, պանդխտության, արտագաղթի երևույթը նույն շերտավորման արդյունք էր։ Աճում էր քաղաքների ազգաբնակչությունը, այստեղ էին թափվում օրվա հացի կարոտ «ղարիբները», մշակները, վարձվում առևտրականների ու արդյունաբերողների կողմից իբրև բանվորներ։ «Այսպիսով,— գրում է Լենինը,— ռուսական կապիտալիզմը Կովկասը ներգրավում էր համաշխարհային ապրանքային շրջանառության մեջ. համահարթում էր հինավուրց նահապետական ինքնամփոփվածության մնացորդ հանդիսացող նրա տեղական առանձնահատկությունները, իր գործարանների համար շուկա էր ստեղծում: Հետռեֆորմյան ժամանակաշրջանի սկզբին նոսր բնակավորված կամ լեռնականներով բնակավորված երկիրը, որոնք համաշխարհային տնտեսությունից և նույնիսկ պատմությունից դուրս էին կանգնած, դառնում էր նավթարդյունաբերողների, գինու առևտուր անողների, ցորենի ու ծխախոտի ֆաբրիկանտների երկիր...»[2]։

Րաֆֆին հենց 1870-ական թվականների սկզբից տպագրվում է «Մշակում»: Նա գնում է դեպի «Մշակը» և ոչ թե իրեն համար գաղափարապես անհանդուրժելի ազգային-պահպանողական, հետադիմական «Մեղու Հայաստանին»։

«Մշակի» խմբագիր Գր. Արծրունին հարձակվում է կյանքի հին ձևերի և երևույթների վրա, վերից վար նորոգվելու պահանջն է դնում։ Վերելք ապրող կապիտալիզմի գաղափարախոսն ու լիբերալիզմի շեփորահարը ակտիվ կերպով մարտնչում է իր ծրագրի կենսագործման համար։ Րաֆֆին բաժանում է արծրունական ծրագրի մի մասը, իր հերթին հարձակվում է առևտրա-վաշխառուական կապիտալի վրա, ասիական հետամնացության վրա, շարունակում է արծարծել վաթսունական թվականների իր միտքը կյանքը վերանորոգելու մասին։ Եվ,

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հինգերորդ հատոր, էջ 470—471, Երևան, Հայպետ Հրատ, 1956 թ.։
  2. Վ. Ի. Լենին. Երկեր, երրորդ հատոր, էջ 722։