Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը հաստատված է

Երջանիկ էր այն օր՝ եդեմ[1]
Գարնանամուտի նման.
Այն հիշատակ ես կտանեմ.
Ինձի հետ խոր գերեզման...։

Երրորդ անգամն էր, այո՛,
Ես քեզ տեսա, ո՛վ իմ հրեշտակ,
Դու մի խումբ աղջիկներով՝
Նստած էիր ա՛յն ծառի տակ։

Նորաբույս խոտերի վրա
Ուրախության կազմած խրախճան
Ձեր սրտերը զմայլանքով լի՝
Վայելում էր սեր անվախճան։

Ես էլ իմ ընկերաց հետ,
Խնջույքի մեջ հեռուն նստած՝
Հանկարծ ստացա գույնզգույն
Ծաղիկներով մի փունջ կապած։

Իսկույն հասկացա ես շուտով.
Այն քո ձեոքերով քաղած էր.
Այն նորաբույս ծաղիկները
Ինձ բուրեցին քո սուրբ սեր[2]։

Չորրո՛րդ անգամն էր ես տեսա
(Տիրոջ Համբարձման օրն էր)
Շատ նայեցա, գաղտնի, հեռվից,
Ո՛հ, շատ տանջեց ինձ քո սեր։

  1. Ամեն տեղ՝ թե՛ լուսավոր, թե՛ ռամիկ և թե՛ վայրենի ազգերը միշտ հանդիսավոր տոնախմբություններով բարևում են գարնան գալուստը։ Արևելքում, առավելապես հայերը, որ միշտ գործ ունին երկրի և հողի հետ, ուրախալի տոնախմբությամբ տոնում են նորեկ գարունը։ Երբ մանավանդ կանայքը, նորահարսնուքը, մանուկ աղջկերքը՝ ազատվելով իրանց տնական փակյալ բանտարկությունից՝ խումբ-խումբ երգ երգելով, դափ ածելով, դուրս են գալիս արձակ
    դաշտերում՝ համբուրելու և գրկելու գարնան ոգիները։
  2. Հայերը — առավելապես Պարսկաստանում, որպես մի առանձնաբնակ ազգ զուրկ ընկերական կյանքից, զուրկ հասարակաց զվարճալի զբոսանքներից․— ամեն տարվա որոշյալ օրերում, կարի ուրախությամբ ընդունում են մի քանի տոներ, որոնք պատճառ էին տալիս նրանց մոտենալ միմյանց։ Առավելապես գեղեցիկ սեռը միշտ անձկությամբ սպասում է այդ ուրախալի տոներին, երբ նրանք միջոց էին գտնում տեսնել իրանց բարեկամները, իրանց սիրելիները և որսալ նրանց բերանից մի քանի սիրո խոսքեր...։ Այդպիսի տոներից մինն է Միջինքը, երբ անդաստանաց այցելություն է լինում։