Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Այս էջը հաստատված է

նրանց չէի կամենում միանգամայն ոտքի տակ առնել, որովհետև դեռ կասկած ունեի նրանց մասին իմ կազմած կարծիքների վրա։ Բայց այս պսակի գործը ինձ միանգամայն դուրս բերեց ամեն երկմտությունից, և հայտնի կացույց իմ առջև նրանց բոլոր խաբեբայությունները։

Պարոն Աշխարունին ոչինչ չխոսեց, նա խորհրդական կերպով շարժեց յուր գլուխը։

Նույն միջոցին, մի մարդ միայնակ շարժվում էր նախասենյակի մթության մեջ, նա ավելի մոտ գնաց դռանը, և սկսեց ականջ դնել:

— Այդ պսակի համար այդքան հոգս քաշել բոլորովին ավելորդ էր, Մահտեսի,— ասաց պարոն Մելիքզադեն վճռական եղանակով,— ես վաղուց ասել եմ, և այժմ էլ կրկնում եմ, որ եկեղեցականները ազգի կռնակի վրա մի ավելորդ բեռն են, և մենք երբեք պարտավոր չենք սնուցանել և գիրացնել անպիտան տերտերներ, վարդապետներ և այլն, և այլն, որովհետև քրիստոնեությունը չունի մի որոշյալ դաս ժողովրդակարգի՝ ծնված հայր Բրահմայի գլխից։

— Ի՞նչ եք ուզում ասել,— հարցրուց պարոն Աշխարունին հանդարտությամբ։

Նախասենյակի մարդը ականջը ավելի մոտեցրեց դռան ճեղքին:

— Ես կամենում եմ ասել, մի հիմար տեր Մարկոս, մի անպիտան տեր Կիրակոս յուր նյութական օգտի համար, կամ որևիցե աչք չարամտությամբ — եթե չէ կամեցել կատարել մեր բարեկամ Ռուստամի պսակը, այդ մեզ փույթ չէ՛, և չարժի դրա համար անհանգիստ լինել, որովհետև ամուսնությունը, ըստ իմ կարծիքի, կրոնին ոչ մի վերաբերություն չունի, լինելով մի անկախ քաղաքական դաշնադրություն մի արուի և մի էգի մեջ, որով նրանք կապվում են, կամ լավ ևս է ասել — ընկերանում են՝ իրանց սեռական խորհուրդը կատարելու և իրանց կյանքը համաշխարհային մարդկության պիտույքներին համակերպելու համար...

— Հետո՞:

— Եթե ինձ կլսեք,— առաջ տարավ նա,— այստեղ կա երկու օտար մարդ — դուք և ես. մի երրորդն ևս կհրավիրենք, այնուհետև բերել կտանք օրիորդ Սալբին, երեք մարդ բավական է վկայելու, որ օրիորդ Սալբին դարձավ պարոն Ռուստամի կինը, իսկ սա՝ նրա ամուսին այրը, և դա կդառնա մի արդարացի պսակ և ամուսնություն։

Նախասենյակի մարդը սկսեց ավելի անհանգստությամբ շարժվել. վերջին խոսքերը կարծես անտանելի էին նրան. նա կծկվեց