Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Այս էջը հաստատված է

դռան ետև, որ ավելի պարզ լսե, բայց հանկարծ երբ տեսավ, որ ծառան մի ճրագ էլ ձեռքին իրան էր մոտենում՝ արագությամբ վեր ցատկեց, և սենյակի դուռը բացելով՝ ներս մտավ։

— Ահա՛ ես, երրորդ մարդը. ասաց նա ծիծաղելով. բարի իրիկուն... աստված ձեր բարի խորհուրդը հաջողե... բայց ներողություն՝ պարոններ, բյուր անգամ ներողություն, պարոն Մելիքզադե, ես հանկարծակի ընդմիջեցի ձեր խոսքը, ես բոլորովին բաժանորդ եմ ձեր կարծիքին. եղբայրներ, այդ ինչ աստծո պատիժ են եղել մեր գլխին եկեղեցականք ասվածները... ինչ որ ուզում՝ անում են. և իրանց կամեցածի պես՝ մեզ կապկի նման պար են ածում...: Եթե մենք, աշխարհականներս, մեր իրավունքը ցույց չտանք, թե կարող ենք ապրեք և կառավարվել առանց տերտերների ևս — ճշմարիտ եմ ասում, այդ փչացածները երբեք չեն ճանաչի իրանց պարտքն ու չափը։

Պարոն Աշխարունին իսկույն հասկացավ, որ եկողը առաջուց իրանց խոսակցության ականջ էր դրել։ Եվ իրավ, եկողը այդպիսի ընդունակություններով օժտված՝ Ռես Վասակյանն էր, որ մի կերպ սողացել էր տեր-Առաքելենց տունը, պսակի արգելքից հետո նրանց վերջին դիտավորությունը լրտեսելու համար։ Հանկարծ, լսելով պարոն Մելիքզադեի վճիռը, նա կապկորեն հետևեց նրա կարծիքին, տեսնելու՝ թե ո՞ւր կհասներ դրա վերջը։ Նա մտադիր էր, այդ առաջարկությունը ընդունելություն գտածին պես, մի կերպով աշխատեք հերքել նրան: Բայց պարոն Աշխարունին նրան դուրս բերեց այդ դժվարությունից—յուր սովորական հանդարտ ձայնով առարկելով.

— Սկսյալ սաղիմյան Մելիքսեդեկից և ղևտական կարգից քահանայությունը Քրիստոսի միջոցով անցել է և մեզ — քրիստոնյաներիս։ Մենք չենք կարող հերքել քահանայությունը, բայց կարող ենք մաքրել և սրբել նրան յուր այժմյան ավելորդ կեղտերից և համաձայն կացուցանել նրան Ավետարանի վարդապետությանը: Իսկ ամուսնությունը, որպես քաղաքական մի օրենք աշխարհական մարդկանց ձեռքը տալուն ես համամիտ չեմ. — ամուսնությունը, որպես մարդկային կյանքի մի ծանրակշիռ և խորախորհուրդ իրողություն, և որպես մի սուրբ բան՝ պիտի մնա աստուծո և նրա կրոնքի ներգործության տակ։

Վասակյանը իսկույն զգաց յուր սխալը, և տեսնելով, որ պարոն Աշխարունին յուր դատողության ծանրությամբ ծռեց կշեռքի մի թաթը, ինքը անհարմար էր դատում թեթև կողմը մնալ, նա մտածեց ցատկել այն կողմը, որ այդ ժողովի մեջ ավելի համարում