Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Այս էջը հաստատված է

թխսամայր, յուր հանգիստ և ապահով թևքերի տակ: Տե՛ր, դու ազատիր մեր հայ ազգը յուր պանդխտության գերությունից, տո՛ւր մեզ մովսեսներ և Նավյան որդի հեսուներ, որ առաջնորդեն դեպ նոր Քանանը՝ դեպի Հայաստան»։

— Անուշ, անուշ — կոչեց պարոն Մելիքզադեն և յուր գավաթը վեր բարձրացնելով ասաց.— տեր աստված, պահպանիր հայը յուր ազգային հիման վրա. տո՛ւր նրան հանճար, լուսավորություն և կրթություն, որպեսզի հայը, առանց ուրիշի կարոտության ինքնուրույն լինե և նորոգե յուր դրությունը, յուր կյանքը, և հետևելով լուսավոր ազգերի օրինակին՝ աշխարհի տան մեջ յուր համար ձեռք բերե մի անկյուն, մի կտոր հող՝ յուր որդոց արմատը նրա վրա ձգելու համար:

— Բռավո՛, բռավո՛,— կրկնեց Ռուստամը.— անո՛ւշ, անո՛ւշ, ա՛ռ քեզ մազա։ Եվ տվեց նրան մի պատառ խորոված միս:

— Իսկ դու, Խաչո, մի գավաթ պիտի չխմե՞ս քո ազգի կենացը։

— Ինչու չեմ խմի, աղա,— ասաց նա, որ կանգնել էր ոտքի վրա.— միթե ես հայկա արյունից չե՞մ։ Խաչոն վերցրեց գավաթը և աչքերը վերև բարձրացնելով, ասաց.— տեր աստված, մեր սուրբ հայերի բարեխոսությամբ պահպանիր հայոց ազգը, առաջնորդե նրան քո սուրբ հոգու շնորհիվ, որ անմոլոր ընթանան իրանց հայրենական կրոնքի, Գրիգորյան սուրբ եկեղեցու ընթացքով: Տո՛ւր երկար կյանք և անփշրելի գավազան ազգի հովվապետին, վեհափառ կաթողիկոսին, նրա աթոռը միշտ հաստատ պահպանիր սուրը Էջմիածնում, որով մեր սուրբ ազգը, և մեր սուրբ լեզուն մնա անխափան...:

— Անո՛ւշ, անո՛ւշ, Խաչո,— կոչեց Ռուստամը նրա խմելուց հետո.— ա՛ռ քեզ մազա, քո խոսքերը լի հնամոլությամբ են շնչում... իրավ այդպես են ռամիկների աղոթքները իրանց ազգի համար...։

Ռուստամը խիստ անուշ ձայնով երգեց «Տեր կեցո դու զհայս» երգը, որ յուր կախարդիչ զորությամբ ճմլեց պատանի Մելիքզադեի սիրտը, և նրա աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի սրբազան կաթիլներ։

Այնուհետև պարոն Աշխարունին և պարոն Մելիքզադեն «բարի գիշեր» ասելով, ամեն մին գնաց յուր տունը։

Նրանց գնալուց հետո Ռուստամը երկար նստեց, քունը և հանգստությունը փախել էին նրանից։ Նա սեղմեց յուր կրծքին սազը և սկսեց նվագել։ Ասիական, այդ նվագարանի ճրջնկոցը դարձյալ