Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Այս էջը հաստատված է

եղեգնաբույսերի հովանիների տակ՝ մի կրակոտ, ախտաբորբոք և բարբարոսական մեղեդի երգելով, արմավենու փափուկ ճյուղերից հյուսում էին զամբյուղներ։ Ռուստամը արևի տաքությանը այլևս չդիմանալով, մտածեց գնալ հեղեղատի ափը, այն չքնաղագեղ ներեիդների (ջրային հավերժահարսեր) մոտ, մի քանի րոպե զով օդ վայելել և յուր արդեն հոգնած ձիուն հանգիստ տալ այն կանաչ խոտերի մեջ։

Նա անցավ այն վրանների մոտից, բայց դրսում ո՛չ մի մարդկային էակ չէր շարժվում։ Վրանների մեջ, գրկախառնված, քնած էին նրանց տեր պարոնայքը և տիկնայքը։ Գեղեցիկ մանուկ աղջիկներ սիրամարգի փետուրներով հովահարելով հալածում էին չար ճանճերը և հովացնում քնողների տոթից շառագունած երեսները, որպեսզի նրանց քունը անդորր և դյուրին լիներ։ Վրանների սյուներից քարշ էին ընկած քնող քաջերի զենքերը, վրանների մուտքի առջև գետնի մեջ ցցված տեսանելի էին նրանց երկայն նիզակները, որոնց գլխին փողփողում էին սև, փետրազարդ փնջեր։ Վրանների դռան առաջ կանգնած էին նրանց թամքած ձիերը, ուտելով մետաքսանման փափուկ խոտը, որ դրված էր նրանց առաջ, և, ասես թե, անհամբերությամբ սպասում էին, թե երբ նրանց հզոր տերերը կնստեն և կերթան բերելու իրանց թշնամիների ավարը։

— Երջանիկ մարդիկ,— ասաց Ռուստամը ցավելով,— այո՛, քաջերի վրանները այդպես պիտի լինին... բայց մի թշվառ հայի վրանը այնչափ աղքատին և գծուծ է, որպես ինքը, հայը...։

Մի նեղ շավիղ, որ հազիվ նշմարելի էր, տեղ-տեղ կորուսանելով յուր հետքը թավ խոտաբույսերի մեջ, տանում էր դեպ հեղեղատի ափը։ Ռուստամը խորասուզված ծանր մտածությունների մեջ, քշում էր յուր ձին։ Հանկարծ ստվերախիտ եղեգնաբույսերի միջից երևան եկավ մի սիրուն եղջերու՝ նա, յուր գլուխը վեր թեքած քամակի վրա, սկսեց փախչել դեպ մոտավոր սարաձորը։ Որսորդը յուր ձին սաստիկ վազեցնելով, սկսեց հալածել կենդանին, բանիցս անգամ հասնելով նրան՝ ջանք արեց նիզակահար անել որսը, բայց ճարպիկ կենդանին միջոց էր գտնում այնպես սաստկությամբ սողել նիզակի տակից, որպես սև օձը թովչի դյութական գավազանի տակից։ Բայց դիպվածը ձեռնտու եղավ, եղջերուն մտնելով արդեն միմյանց հետ փակված թփերի մեջ, մի վայրենի տանձենի յուր ոստերով բռնեց նրա եղջյուրները։ Ռուստամը չկամենալով սպանել որսը, ձգեց պարանը նրա վզից, բայց հանկարծ ի՜նչ սարսափելի հրեշ գեղեցիկ եղջերուն աներևութացավ, և թփերի