Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Այս էջը հաստատված է

չորս կողմից բռնում և պառկեցնում են. առժամանակ լուռ է մնում նա, թույլ և անլսելի կերպով շունչ քաշելով։ Նրա երևակայական ցնորքները կերպարանափոխվում են և նա մյուս անգամ սկսում է.

«Վա՛յ, վա՜յ... տարան, տարան... վա՜յ իմ գլխին... տարան, տանում են Սալբին...։ Անդունդը պատռվեցավ, դժոխքի ոգիքն դուրս թափվեցան. խլեցին. տանում են իմ Սալբին... իմ հարսնացուն... իմ նազելին... քոռացեք աչքեր, թող ես չտեսնեմ... Թուրերը պսպղում են. խանչալները կայծակ են տալիս... արյուն է թափվում, մահ և կոտորած է...։ Տո, բերեք իմ զենքերը, ես դրանց հետ կկռվեմ... ես դրանց կկոտորեմ և իմ Սալբին հետ կառնեմ...»։

Նա սկսում է արհամարհական եղանակով ծիծաղել, և թույլ, նվաղած ձայնով երգել.—

Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.
«Փառք կորոնե պատերազմի դաշտումը.
«Թուլասիրտը յուր արյունից կվախե,
«Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը:


Հիվանդը դարձյալ լռում է։ Հուրի Խան-Դայան և շրջապատող պառավները ունայն սնոտիապաշտությամբ երեսները խաչակնքում, աղոթքներ են կարդում, կարծելով, թե նա բռնվել էր դևերից։

Այնտեղ են գալիս տիկին Թարլանը, տիկին Սալլաթինը և մի քանի այլ բարեկամուհիներ և շրջապատում են հիվանդի անկողինը։

— Տիրուհի, այսպես են կոչվում քահանաների կանայք,— ասաց տիկին Թարլանը Հուրի-Խան-Դայային, որ երեսը թթվեցրած, ձեռքերը ծալած, նստել էր յուր թոռան բարձի մոտ.— քույրիկ, չէ՞ որ դու աշխարհ ես տեսել, ծա՛մ ես սպիտակացրել, հոգիս, հիվանդը, այդպես անհոգ թողնելու չէ, դրան մի ճար անելու խնամք տարեք։

— Ինչ ճար,— ասաց Հուրի Խան-Դայան հոգվոց հանելով.— ճարս հատել է, խնամի, ես ինձ կորցրել եմ, ինձանում խելք չէ մնացել, մնաց. աստված ինքը մի ճար անե։

— Ճշմարիտ,— նրա խոսքը կտրեց դարձյալ տիկին Թարլանը. առանց աստուծո կամքին տերևը ծառից վայր չի ընկնի, բայց և այնպես մարդիկ պիտի իրանց խելքը գործ դնեն:

— Աստծո կամքը թող օրհնված լինի,— պատաախանեց Հուրի Խան-Դայան լի հավատքով: