Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Այս էջը հաստատված է

անհավատ տղամարդ էր. նա հերքում էր սուրբ արարողությունները: Չէ՞ առածը ասում է. «երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս»։ Բայց դուք, իմ աչքիս լույս բարեկամներ, առաջ տարավ նա,— դուք չգիտեք իմ ընտանեկան գաղտնիքը, թե ի՞նչ էր պատճառը, որ աստված այդպես խեթ աչքով է նայում մեզ վրա. ես կպատմեմ, դուք կհասկանաք, թե ո՛րքան դժվար է կրոնքի և օրենքի հակառակ կենալը։

— Պատմիր, պատմիր,— ձայն տվին ամեն կողմից մոլեռանդ պառավները։

— Դուք իմ քույրեր,— առաջ տարավ նա,— ձեզնից շատերը տեսել են իմ ամուսինը, այն բարի քահանան, յուր ժողովրդի այն բարեգութ նահապետը։

— Աստված յուր հոգին լուսավորեսցե,— կոչեցին ամենքը։

— Դուք գիտեք,— շարունակեց Հուրի Խան-Դայան,— որ այդ տիրոջ իմաստուն պաշտոնյան, միանգամայն յուր ժողովրդի հոգևոր և մարմնավոր մխիթարությունը, նրա բանգետ խորհրդատուն, նրա տրտմությունների և ուրախությունների կարեկիցն էր։ Այս գալիք մեծ պահոց միջինքին կլրանա քսան և հինգ տարին նրա վախճանից հետո։ Բայց այս քսան և հինգ տարիների ընթացքում, թեպետ նա գնացել, հեռացել է մեզանից, բնակելով երկնքում, հրեշտակների մեջ, բա՛յց հավատացնում եմ ձեզ, նրա արթուն հոգին էր իմ գերդաստանի պահապան հրեշտակը, որ խափանում էր մեզնից բոլոը շատ պատահարները։ Ի՞նչ էր դրա պատճառը— այն լուսահոգին երբ- տեսավ թե մոտ է մահը, մտածեց պատսպարել յուր ընտանիքի ապագան զորավոր գրվածքներով: Նա դրավ յուր տունը և յուր ընտանիքը մի թիլիսմի ներգործության տակ, որը յուր զորությամբ խափան էր ամենայն չարիքի։ Այդ թիլիսմանական թղթերը ապակյա սրվակների մեջ դնելով` թաղեց տան դռների շեմքում, թոնրի շրթան մոտ և ջրհորի ափում։ Բայց իմ թերահավատ թոռը անարգեց յուր պապի խորհրդավոր թղթերը, և ամենևին չնայելով իմ աղաչանքին և արտասուքին, կախարդական դրվածքներ համարելով, դուրս բերեց թիլիսմը և անխնա այրեց կրակում...։ Ահա այդ դժբախտությունը հանդիպելուց հետո, ասես թե, մեր աստղը խավարեց. չարը համարձակ մուտք գործեց մեր օրհնյալ բնակարանը, վիշտ, նեղություն և հազարավոր թշվառություններ անպակաս եղան մեզնից...։ Մեր վարուցանքը անպտուղ եղավ, մեր տավարներն և ոչխարները արդյունք չտվին, և բախտը յուր աչքերը խփեց մեզանից։ Բայց այդ վերջինը... այդ վերջինը... անիրավ կրոնափոխությունը...